Նման պայմաններում վերադարձն Արցախ իրատեսական չեմ համարում. Արամ Հարությունյան

«Ազատության» հյուրն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու որևէ իրատեսական հնարավորություն:

Հարությունյանը. - Ամենաառաջինը, ես կարծում եմ, մենք պիտի մի քիչ իրատեսական լինենք ու հասկանանք, թե ինչ է նշանակում վերադառնալ: Եթե նայում ենք Ադրբեջանի հռետորաբանությունը, Ադրբեջանն ասում էր՝ մնացեք, բայց ստեղծում էր այնպիսի պայմաններ, որում անհնար է մնալ, և եթե վերադարձ ասելով մենք ի նկատի ունենք վերադառնալ այդ նույն պայմաններով, իհարկե, սա անիրատեսական է: Մյուս կողմից նաև տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական տարբեր բևեռներից են այդ վերադարձի մասին խոսում, որը քիչ թե շատ հույս է տալիս, որ կարող է ինչ-որ բան փոխվի: Իհարկե, երբ, օրինակ, Ռուսաստանից է այս բանը գալիս մի քիչ տարակուսանք է առաջանում, որովհետև Ռուսաստանը այնտեղ էր և հստակ խնդիրներ կային իր առջև դրված, որ փաստորեն չկարողացավ կատարել, և եթե ժողովրդի մոտ ինչ-որ տոսկոսով լիներ հավատ այս երաշխիքին, ապա մինչև վերջին մարդը դուրս չէին գա: Հիմա տեսնում ենք՝ նաև արևմտյան հատվածից են բավականին ակտիվացել՝ ԱՄՆ, Եվրամիություն և այլն: Այստեղ էլի խնդիր կա, որովհետև մենք 9 ամիս շրջափակման մեջ էինք ու անընդհատ էս մեսիջները կային, բայց սրանց չէին հաջորդում առարկայական քայլեր: Եթե պետք է ամեն ինչ սենց թղթի կամ խոսք վրա լինի, ապա նման պայմաններում վերադարձն իրատեսական չեմ համարում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.