«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները վանաձորցի Սվետա Մովսիսյանի փոքրիկ խանութում կապարակնքեցին ջրի փականներն ու ջրազրկեցին նրան՝ 310 հազար դրամ տուգանքի պատճառով։
Տնակում, որ ըստ իրեն միայն որպես խանութ է ծառայում, երեք ամիս առաջ ջրամատակարար ընկերությունը փոխել է ջրաչափը, ստուգաչափել ու եզրակացրել, թե 72-ամյա կինն արտաքին միջամտության արդյունքում ջրագողություն է արել. ջրաչափն ավելի քիչ ծախս է ցույց տվել։ Հաշվել են, որ անցած վեց տարիներին կարող էր 310 հազար դրամի վնաս տված լինել ընկերությանը։ Բայց բաժանորդը հրաժարվում է վճարել, ըստ իրեն, անհիմն տուգանքը։ Ջրազրկման մասին «Վեոլիա»-ի եզրակացության տակ այդպես էլ գրել է՝ «համաձայն չեմ»։
Խանութ ջրի ծորակները կապարակնքելու եկած ընկերության ներկայացուցիչները հեռացան՝ առանց պատասխանելու բաժանորդի հարցերին։
Նույնքան տուգանքներ ունեն վանաձորցի Կարինե Գասպարյանն ու Սոս Ավետիսյանը։ Հարևանությամբ գործող նրանց փաստաբանական գրասենյակի ու վարսավիրանոցի ջրաչափերը նույն, մոտ մեկուկես մետր խորության հորում են՝ երկաթե ծածկով փակված։ Ասում են՝ ամեն ամիս ջրի հսկիչն է եկել, փայտե աստիճաններով իջել ու գրանցել ջրաչափի ցուցմունքը։
«2010 թվի հաշվիչ ա, ասում ա՝ 2008 թվի պլոմբ ա վրեն դրած, պլոմբը ես եմ դրե՞լ», - ասաց Սոս Ավտիսյանը:
Երկու ջրաչափի կնիքի վրա էլ միջամտության հետքեր են հայտնաբերել։ Ըստ մասնագետների՝ «շահագործման ընթացքում կնիքը բացվել-փակվել է, ջրաչափի իրանի միջնապատն էլ՝ դեֆորմացված է»։ Փաստաբան Կարինե Գասպարյանը վիրավորական է համարում այս մեղադրանքները։
«Այսինքն՝ ստացվեց, որ այս փոքրիկ՝ 16 քառակուսի մետր տարածքում, դեմս՝ Էլցանցը, կողքս՝ անձնագրային բաժին, բազմաբնակարան շենք, դատարան, ո՞ւմ կարող էի ես ջուր վաճարեի, նպատակ հետապնդեի, ահավոր վիրավորական է էս քայլը», - ասաց փաստաբանը:
Վանաձորցի բաժանորդները բազմաթիվ բողոք-դիմումներ են գրել ջրամատակարարին ու պետական այլ կառույցների։ Հուսադրող պատասխաններ չեն ստացել հարցերին, թե ինչո՞ւ «Վեոլիա ջուր» ընկերությունը դեռ 2017-ին ջրամատակարարման համակարգի սեփականատեր դառնալուց հետո ջրաչափերը համատարած չի փոխել։ Ինչո՞ւ այսօր հրաժարվում են նախկին սեփականատիրոջ թերություններին տեր կանգնել։
«Ազատությանը» դիմած բոլոր քաղաքացիներն էլ պնդում են՝ տարիներ առաջ ձմռան սառնամանիքի պատճառով խնդիրներ է եղել ջրաչափի հետ։ Դեռ «Վեոլիա»-ից առաջ սպասարկող ընկերությունից եկել, անսարքությունը վերացրել են։
«Ազատության» գրավոր հարցերին «Վեոլիա ջրից» պատասխանել են, թե տուգանքները սահմանել են՝ բացառապես ծառայությունների մատուցման կանոններին հետևելով։ Իրենց գործունեության 7 տարիներին Վանաձորում ավելի քան 14 հազար ջրաչափ են փոխել, 1400-ի դեպքում խախտում արձանագրել։
«Գրեթե բոլոր խախտումները հնարավոր են լինում պարզել միայն լաբորատոր պայմաններում։ Ցավոք, այդ խախտումները, Ընկերության որևէ աշխատակից ակնադիտական եղանակով չի կարող արձանագրել, քանի որ մեր աշխատակիցները չեն հանդիսանում այդ գործի փորձագետ և չունեն համապատասխան որակավորում։ Բաժանորդներն առանց հսկիչի կարող են միջամտել ջրաչափերի աշխատանքներին, քանի որ դրանք չեն գտնվում ընկերության կողմից վերահսկվող տարածքում և փակի տակ չեն», - հայտնում է «Վեոլիա ջուրը»։
Ընկերությունից նաև չեն բացառել «ջրաչափերի բնականոն աշխատանքի միջամտությունները՝ բաժանորդի և հսկիչի միջև փոխհամաձայնությամբ»։ Բայց նաև նշել են, որ մինչ օրս բաժանորդներից փաստարկված գրավոր հայտարարություններ այդ մասին չեն ստացել, ուստի «Վեոլիա ջուր»-ը երբևէ ծառայողական քննություն չի իրականացրել, նման մեղադրանքով որևէ հսկիչ աշխատանքից չի ազատվել։
72-ամյա Սվետա Մովսիսյանի տնակ-խանութում արդեն ջուր չկա, մյուս երկու բաժանորդները ևս զգուշացված են, թե առաջիկայում կարող են ջրից զրկվել։ Բայց նշում են, թե պարտքն անարդարացի է ու չեն պատրաստվում վճարել։
Your browser doesn’t support HTML5