Իշխանությունը Ոստիկանության զորքերը ապառազմականացնելու և դրա փոխարեն Ոստիկանության գվարդիա ստեղծելու օրենսադրական փաթեթը տարիներ շարունակ քննարկելուց հետո ի վերջո դրել է հանրային քննարկման։
Ըստ օրինագծի՝ գվարդիան պետք է ապահովի հավաքների, երթերի բնականոն ընթացքը, պաշտպանի հասարակական կարգը՝ նաև ռազմական և արտակարգ դրության պայմաններում, ինչպես նաև իրականացնի պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը։ Հանրային քննարկման դրված օրինագծի համաձայն՝ գվարդիայի ծառայողը իրավասու է իրականացնել ձերբակալում, շենքերի շրջափակում և ուժային միջոցների գործադրում, տվյալ դեպքում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրում։ Գվարդիայի հատուկ միջոցներն են՝ մահակները, լուսային և ձայնային նռնակները, ծխանռնակները, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, արցունքաբեր և գրգռիչ գազով ձեռքի սրվակները, ծառայողական շները և այլն։ Օրինագծի համաձայն, որպես ծայրահեղ անհրաժեշտություն գվարդիայի ծառայողը կարող է նաև հրազեն կիրառել։
«Արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով», - ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Ի՞նչ է փոխվելու, եթե տարիներ շարունակ գործող ոստիկանության զորքերը փոխարինվեն գվարդիայով։ Օրինագծի մշակման քննարկումներին նախկինում մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը նշում է, որ ոստիկանության զորքերը Խորհրդային միությունից մնացած ռազմական, զինվորական ստորաբաժանում է, որն ի վիճակի չէ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգ ապահովել։
«Իրենց հաստիքները՝ հրաձիգ, ավագ հրաձիգ, գնդացրորդ, նռնականետորդ, ի՞նչ գործ ունեն տենց հաստիքներով մարդիկ սովորական ցույցեր սպասարկողների դերում, իրենք պետք է լինեն մասնագիտացած ոչ թե ռազմական թշնամու դեմ աշխատանքի վրա, այլև պետք է լինեն մասնագիտացած՝ զանգվածային միջոցառումներ սպասարկելու, որը ենթադրում է շատ ավելի խաղաղ գործիքակազմ: Այս նպատակով կարիք կա ոստիկանության զորքերի փոխարեն ստեղծել ինչ-որ ստորաբաժանում, որը կլինի պրոֆեսիոնալ հենց զանգվածային միջոցառումների սպասարկման ոլորտում», - նշեց Իոաննիսյանը:
Իրավապաշտպանն ասում է, որ այս բարեփոխումն ուշացած է։ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագրով դեռ 2022-ին ոստիկանության զորքերը պետք է ապառազմականացված լինեին, կառավարության հնգամյա ծրագրով այս տարվա վերջին պետք է ստեղծված լիներ գվարդիան, բայց օրենքի նախագիծն անգամ Ազգային ժողով չի հասել։
«Մենք հուսով ենք, որ այս ամենի արդյունքում կստեղծվի ոստիկանական ստորաբաժանում, որի հիմնական դերը կլինի խաղաղ ցույցերի էֆեկտիվ սպասարկումը, այդ թվում՝ խաղաղ ցույցերի ժամանակ, օրինակ, ագրեսիվ տարրերի մեկուսացնելը և ոչ թե ամբողջ ցույցի դեմ ուժ կիրառելը, միայն վերջին միջոց՝ հատուկ միջոցների դիմելը, ընդ որում, հատուկ միջոցների դիմելը գրագետ, որովհետև մենք հիմա նույնիսկ չունենք ոստիկանական ստորաբաժանում, որը հատուկ միջոցներին գրագետ տիրապետում է: Հատուկ միջոց են կիրառում իրենց ոստիկան ընկերներին ավելի շատ են վնաս հասցնում», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:
Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ զինված ուժերը կզրկվեն ոստիկանության գումարտակներից
Ոստիկանության գվարդիայի թվաքականը, ըստ օրինագծի, սահմանում է վարչապետը, այս նոր մարմնի ընդհանուր ղեկավարումը կիրականացնի ոստիկանապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ Ոստիկանության գվարդիայի հրամանատարը։
Ի դեպ, գործող օրենսդրությամբ ռազմական դրության ժամանակ ոստիկանության զորքերը ենթարկվում են Զինված ուժերին։ Այսինքն Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ զինված ուժերը կզրկվեն ոստիկանության գումարտակներից։
Արդյո՞ք այս բարեփոխումը չի թուլացնի Հայաստանի պաշտպանական ոլորտը։
«Այժմ ոստիկանության զորքերի ծառայողները ռազմական դրություն հայտարարվելու դեպքում անցնում են գլխավոր շտաբի ենթակայության տակ և գլխավոր շտաբն իր ենթակայության տակ միանգամից ստանում է երկու մոտոհրաձգային գունդ, բայց ես հիմա չեմ ուզում խոսել այդ էֆեկտիվության մասին երկրի ֆիզիկական պաշտպանության կոնտեքստում, բայց ես ուզում եմ ասել, որ ամեն պետական մար մին պետք է զբաղվի իր գործով», - նշեց Դանիել Իոաննիսյանը:
Ընդդիմությունը հաճախ է քննադատում իշխանությանը՝ երկրի պաշտպանական ոլորտն ուժեղացնելու փոխարեն ոստիկանական համակարգը զինելու համար։ Որպես օրինակ բերում նաև հաջորդ տարվա բյուջեն, որով պաշտպանության ոլորտի ծախսերը ավելանում են 7 տոկոսով, իսկ Ներքին գործերի նախարարության ծասխերը՝ 18 տոկոսով։ Իշխանությունը մինչդեռ հայտարարում է՝ հաստատակամ է ոստիկանությունը բարեփոխելու գործում։
Your browser doesn’t support HTML5