«Կա ՌԴ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու առաջարկ, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա»

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, արխիվ

Երևանը քննարկում է ռուսական կողմի առաջարկը՝ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում անցկացնելու վերաբերյալ, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։ Այդ մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Կան տարբեր առաջարկներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, քանի որ ի հայտ են գալիս աշխատանքային գրաֆիկի հետ կապված բարդություններ, հետևաբար այստեղ խնդիր չկա, կա միայն տեխնիկական պայմանավորվածություն, հայկական կողմը ոչ մի առաջարկ չի մերժում, աշխատանքները տարվում են», - ասել է դեսպանը:

Նա այդ մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալության թղթակցի հետ խոսել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպված միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում։