BBC. «Պատերազմի սկզբից ցայսօր Ուկրաինայից ապօրինի եղանակով հեռացել են մոտ 20 հազար տղամարդիկ»

Ուկրաինացիները Դնեպր գետով մոտենում են Խերսոնի շրջանին, 14-ը հոկտեմբերի, 2023թ.

BBC բրիտանական հեռուստառադիոկայանի փոխանցմամբ, պատերազմի ընթացքում, չնայած ճանապարհորդության արգելքին, մոտ 20 հազար տղամարդ ապօրինաբար լքել է Ուկրաինան՝ զորակոչվելուց խուսափելու համար։

BBC-ն վկայակոչում է Ռումինիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի պատկան ծառայությունների տրամադրած տվյալները:

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ պատերազմի մեկնարկից ի վեր 21 հազար մարդ է ձերբակալվել արտերկիր ապօրինի եղանակով անցնելու փորձերի ընթացքում:

Նրանցից ավելի քան 14 հազարը պարզապես փորձել են անցնել սահմանը կամ լողալով անցնել սահմանային գետերը, մնացած 6 հազար 800-ը փորձել են հեռանալ կեղծ փաստաթղթերով։

Գերագույն Ռադայում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին BBC-ին ասել է, որ ուկրաինացի տղամարդկանց 1-ից 5 տոկոսն է փորձում խուսափել զորակոչից:

Նրա խոսքով՝ նման թիվը չի ազդում ռազմական գործողությունների արդյունավետության և ընթացքի վրա։ Միաժամանակ, նա ընդգծել է, թե իշխանությունը հասկանում է, որ խոսքը ոչ թե առանձին դեպքերի, այլ բավական տարածված երևույթի մասին է:

«Բայց, ցավոք, կոռուպցիան շատ կենսունակ է», - խոստովանել է Գերագույն Ռադայում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը։

Ռուսական լայնածավալ ներխուժումից հետո 18-60 տարեկան տղամարդկանց մեծ մասին արգելվել է լքել Ուկրաինայի տարածքը։ Զորակոչի ենթակա անձանց թվում են նաև առողջական խնդիրներով տղամարդիկ, երեխայի խնամքի պարտականություններ և երեք ու ավելի երեխաներ ունեցող տղամարդիկ:

Սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարգադրել է ստուգել Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ ռազմաբժշկական հանձնաժողովների կայացրած բոլոր որոշումները՝ սկսած 2022 թվականի փետրվարի 24-ից։

Որոշումն ընդունվել է զինկոմիսարիատների ստուգումներից հետո, որոնց արդյունքում առնվազն 112 քրեական գործ է հարուցվել զորահավաքից խուսափելու համար կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեղադրանքով:

Օգոստոսին Զելենսկին հայտարարել է բոլոր տարածաշրջանային զինկոմիսարիատների ղեկավարներին պաշտոնանկ անելու մասին, քանի որ իրավապահ մարմինները խոշոր կոռուպցիոն գործարքներ են բացահայտել այդ հաստատություններում։

Դրանք, ըստ Ուկրաինայի նախագահի, հանգեցրել են 2022 թվականի փետրվարից հետո զորակոչից ազատումների թվի տասնապատիկ աճին։

Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալներով, երկրում 2022 թվականի դրությամբ ապրել է 18-ից 60 տարեկան առնվազն 11 միլիոն տղամարդ։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից մինչև 2023 թվականի օգոստոս 2 միլիոն 400 հազար ուկրաինացիներ լքել են երկիրը և չեն վերադարձել: Այդ մասին հաղորդում է Opendatabot նախագիծը՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանային ծառայության տվյալները։

Մինչդեռ, ըստ «Եթե ճշգրիտ լինել» անվամբ ռուսական կենտրոնի կազմած զեկույցի, 2022 թվականի փետրվարից սկսած Ռուսաստանը կարող էին լքել մոտ 800 հազար մարդիկ:

Forbes-ը գրել է, թե մոբիլիզացիայի հայտարարումից հետո Ռուսաստանից հեռացել է 700 հազարից մինչև 1 միլիոն մարդ՝ հիմնականում արական սեռի քաղաքացիներ։