Միացյալ Նահանգները՝ պետքարտուղարի հանձնարարությամբ, համապարփակ և թափանցիկ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ, քիչ առաջ Կոնգրեսում հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայանը։
Բարձրաստիճան դիվանագետը նշել է՝ քննության առարկա է ոչ միայն այն, ինչ եղավ Ղարաբաղի դեմ հարձակման օրը, այլև դրանից ամիսներ առաջ դեռ։
«Մենք անկախ հետաքննողներ ենք վարձել, նաև մեր հետաքննողներն ունենք, որոնք տեղում աշխատում են, կան տեղեկություններ հասարակական կազմակերպություններից, և երբ այն պատրաստ լինի, արդյունքները բաց կներկայացնենք։ Ժամկետներ չեմ կարող ասել։
Երկրորդը՝ մենք աշխատում ենք Հայաստանին աջակցելու վրա։ Ես շատ տպավորված եմ Հայաստանի կառավարության բարեփոխումների և քաղաքական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հանձնառությամբ, և ես կարծում եմ՝ մեր պարտքն է օգնել Հայաստանի ժողովրդին դմակայել այս դժվարին իրավիճակներում, որպեսզի այն խիզախ որոշումները, որ նրանք կայացրել են, օգնեն նրանց հասնել ավելի անվտանգ ու բարգավաճ ապագայի», - հայտարարել է նա։
Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ ժամ է՝ քննարկում է սկսել Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։ Խոսելով Պետդեպարտամենտի անունից՝ պետքարտուղարի տեղակալը նշել է՝ Վաշինգտոնն ուզում է, որ արցախահայերը անարգել կարողանան վերադառնալ, նրանց սեփականությունն ու մշակույթը պահպանվեն, Ադրբեջանն էլ պայմանների մասին համարժեք տեղեկություններ տրամադրի, որպեսզի մարդիկ ընտրության իրավունք ունենան։
Հանձնաժողովականները խոսել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից, ընդգծելով, որ գործընթացին խոչընդոտող երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը բանակցություններից պետո է հեռու պահվեն։
«Չնայած դիվանագիտական ջանքերին՝ Ադրբեջանի նախագահը գնաց ռազմական լուծման ճանապարհով, Ադրբեջանի կողմից անընդունելի այդ գործողության հետևանքով շուրջ 100 հազար արցախահայեր հեռացան Հայաստան՝ հետևում թողնելով իրենց ապրուստն ու տունը։ Վստահ եմ, որ մենք պետք է տնտեսական ու մարդասիրական աջակցություն տրամադրենք տեղահանվածներին և երաշխավորենք, որ նրանց դեմ իրագործված ենթադրյալ հանցագործությունների համար մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է կոնգրեսական Բիլլ Կիթինգը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Լեռնային Ղարաբաղի ապագան»՝ լսումներ ԱՄՆ-ի կոնգրեսում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն տուն վերադառնալու․ Միլլեր