Իսրայելի բանակը գործողություն է իրականացնում Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման դեմ։ Բժիշկները պատմում են, որ տանկերը հիվանդանոցի բակ են մտել երեկ երեկոյան։
«Մեծ տանկերից մեկը հիվանդանոց է մտել արևելյան գլխավոր դարպասից, և նրանք պարզապես կայանել են հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի առջև, այսինքն՝ հիվանդանոցի տարածքում: Գիտեք, կրակոցները, ռմբակոծությունները, բոլոր տեսակի զենքերը կիրառվել են հիվանդանոցի շրջակայքում և ուղղակի թիրախավորել են հիվանդանոցը։ Անմիջապես թիրախավորվել է ամբուլատոր բաժանմունքը, թիրախավորվել է նաև գլխավոր շենքի 4-րդ հարկը», - ասել է բժիշկներից մեկը։
Իսրայելի զինուժի խոսնակ Դանիել Հագարին, իր հերթին, հայտարարել է, թե բանակը պատերազմում է միայն «Համաս»-ի դեմ և չի թիրախավորում խաղաղ պաղեստինցիներին. - «Ռազական գործողությունն իրականացվում է բժշկական խմբերի և արաբերեն խոսող մարդկանց մասնակցությամբ՝ ջիհադիստների կողմից որպես կենդանի վահան օգտագործվող խաղաղ բնակիչներին չվնասելու համար»:
ԱՄՆ նախագահը նախօրեին հորդորել էր Իսրայելին պաշտպանել Ալ-Շիֆայում գտնվող հիվանդների կյանքը։ Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ընդգծել է․ - «Ես ձեզ կարող եմ հաստատել, որ մենք տեղեկություն ունենք, որ «Համաս»-ը և պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի անդամները Գազա քաղաքում գտնվող Ալ-Շիֆայից ղեկավարում են հրամանատարական և վերահսկման հանգույց»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայքարը կշարունակվի «ամբողջ ուժով». Իսրայելի վարչապետ
Reuters-ը, հղում անելով բարձրաստիճան զինվորականին, հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում շարունակվող գրոհի ժամանակ այսօր զենք և «ահաբեկչական ենթակառուցվածք» են հայտնաբերել:
Իսրայելական կողմը նաև պնդում է, թե հիվանդանոցային համալիրում մարտեր չեն եղել այն պահից, երբ իսրայելական զինվորականները մտել են այնտեղ, և ոչ մի բախում չի եղել բժշկական անձնակազմի կամ հիվանդների հետ:
Չնայած իսրայելական կողմի այս պնդումներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ «չափազանց անհանգստացած է» հիվանդանոցի հիվանդների և անձնակազմի ճակատագրով։
«Ալ-Շիֆայի հիվանդանոց ռազմական ներխուժման մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են», - ասել է կազմակերպության գլխավոր տնօրենը՝ հավելելով, թե կրկին կորցրել են կապը հիվանդանոցի բուժանձնակազմի հետ։
Իսրայելի իշխանությունները պնդում են, որ այս հիվանդանոցի տարածքում է գտնվում ծայրահեղականների ստորգետնյա շտաբը։ «Համաս»-ը հերքում է դա՝ պնդելով, որ ներսում միայն հիվանդներ են ու խաղաղ բնակիչներ։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ներկայումս Ալ-Շիֆայի հիվանդանոցի շենքում կա առնվազն 2300 մարդ՝ հիվանդներ, անձնակազմ և Գազայի հարյուրավոր անօթևան մնացած բնակիչներ։
Իսրայելական բանակը նախօրեին «Համաս»-ին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով, որ զինյալները 12 ժամվա ընթացքում լքեն հիվանդանոցի տարածքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը ահաբեկչական երկիր է, հայտարարել է Թուրքիայի նախագահըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հաղորդում է Գազայում «Համաս»-ի ղեկավարած խորհրդարանի, կառավարության շենքերը գրավելու մասին
Սրան զուգահեռ գիշերը իսրայելական բանակը հայտարարեց, որ միջանցք է բացել խաղաղ բնակիչների համար։
Արդեն քառասուն օր շարունակվող Իսրայել-«Համաս» պատերազմը սրել է Իսրայելի և Թուրքիայի առանց դրա էլ բարդ հարաբերությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն» է, որը ռազմական հանցագործություններ է կատարում և խախտում միջազգային իրավունքը Գազայի հատվածում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ Էրդողանի այս պնդումներն անհեթեթ էր որակել։