Կատակերգու Գարիկ Հովհաննիսյանի մուտքը Վրաստան կրկին արգելվել է

Ռուսական սթենդ-ափ կատակերգու Գարիկ Հովհաննիսյանի մուտքը Վրաստան կրկին արգելվել է։ Այդ մասին նա գրել է «Ինստագրամի» իր էջում։

Անցած գիշերը նա փորձել է Հայաստանից Վրաստան մտնել գնացքով՝ հայկական անձնագրով, բայց մուտքի մերժում է ստացել «այլ պատճառներով»։

«Երևում է նույնիսկ հայկական անձնագրով ես սպառնալիք եմ մի ամբողջ երկրի ազգային անվտանգությանը»,- գրել է նա։

Նոյեմբերի 17-ին պլանավորված էր նրա ելույթը Թբիլիսիի Bukhari ակումբում։ Ելույթը չեղարկվել է։

2022-ի հուլիսին ու սեպտեմբերին նա փորձել էր Վրաստան մտնել, սահմանապահներին ասելով, որ Թբիլիսիում և Բաթումիում նախատեսված համերգներ, բնակարանի վարձակալության պայմանագրեր ունի, բայց նրան մերժել էին։

Վրաստանի իշխանությունները սովորաբար մերժում են այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք աջակցում են Կրեմլի քաղաքականությունը, պաշտպանում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։