7.4 միլիարդ դոլարի ծախսեր նախատեսող բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանի նիստերի դահլիճում է քննարկվում: Գալիք տարում ամենաշատը գումարը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի՝ 1.8 միլիարդ դոլար, հաջորդում է Պաշտպանության նախարարությունը՝ 2024-ին զինված ուժերի համար 1.4 միլիարդ դոլար կծախսվի։ Բուն ռազմական կարիքների համար 635 միլիոն է նախատեսվել, 700 միլիոնից ավելին էլ կուղղվի տարբեր տեսակի շինությունների կառուցմանը։
Ծախսերի ծավալով հաջորդը Կրթության նախարարությունն է։ Իշխանությունները ցանկանում են հաջորդ տարի շեշտակի՝ 38 տոկոսով ավելացնել Կրթության նախարարության բյուջեն՝ այն դարձնելով 850 միլիոն դոլար։
2024 -ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ պաշտոնյաներն իրենց վերջնական մոտեցումներն են ներկայացնում, ընդդիմադիրներն էլ՝ դիտողություններն ու քննադատությունները։
Իշխանությունները շարունակում են բարձր տնտեսական աճից խոսել, ընդդիմախոսները հակադարձում են՝ վերջին երկու տարիների տնտեսական օգուտները հիմնականում պատահական գործոններով էին պայմանավորված, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան մտնող դրամական հոսքերով: Ընդդիմադիրները շեշտում էին՝ վաղը կարող է այլ պատկեր լինել:
«Տնտեսական ու գների բարձր աճ ապահովող արտաքին պատահական կարճաժամկետ գործոնները թուլանում են և մի պահից ի վերջո դադարելու են՝ առաջացնելով տնտեսական աճի լրացուցիչ էական դժվարություններ», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը:
Ավետիսյանն ընդգծեց՝ չնայած բարձր ցուցանիշներին տնտեսության ընդհանուր կառուցվածքը՝ այն ներուժը, որն այսօր արդեն հետագա աճի հիմքերը պետք է գցի, հիմնականում չի փոխվում. -«Ավելին՝ անվտանգային և արտաքին աշխարհաքաղաքական ահագնացող միջավայրը խորացնում են տնտեսական անվտանգության և ներդրումային ռիսկերը և դրանց արդեն կոնկրետ դրսևորումները»:
«Պետք է ապահովենք հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազեցումը»
Իշխանության նախանշած ծրագրերն իրականացնելու համար Հայաստանի համախառն ներքին արդյունքն ամեն տարի պետք է աճի առնվազն 7 տոկոսով։ 2022-ին աճը երկնիշ էր, այս տարի էլ թիրախից բարձր կլինի։ Իսկ ի՞նչ կլինի հետո, այս հարցադրումը նաև հենց գործադիրն է ինքն իր առջև դնում, ընդ որում՝ հարցնողը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է:
«Պատկերացնո՞ւմ ենք արդյոք, թե ինչ պետք է անենք պահպանելու տնտեսական զարգացման ներկայիս բարձր արագությունը և երրորդ տարին անընդմեջ ապահովելու 7 տոկոս և ավելի տնտեսական աճ՝ առանց էական գնաճային ճնշում առաջացնելու: Առաջին հերթին պետք է ապահովենք հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազեցումը», - ասաց Հովհաննիսյանը:
Կառավարությունն այսպիսով, առանց փակագծեր բացելու, անոնսում է հարկային հնարավոր փոփոխությունների մասին, խոսքը, մասնավորապես, շրջանառության հարկի մասին է։ Գործող օրենսդրությամբ այն ձեռնարկությունները, որոնց ընդհանուր դրամական շրջանառությունը մեկ տարվա ընթացքում չի գերազանցում 115 միլիոն դրամը, կարող են ԱԱՀ-ի ու շահութահարկի փոխարեն շրջանառության հարկ վճարել, որի դրույքաչափը շատ ավելի ցածր է։
«Այն տնտեսվարողները, որոնք գործում են այդ հարկային ռեժիմում, ամեն ինչ անում են, որպեսզի իրենց շրջանառությունը չավելանա, որպեսզի չանցնեն ընդհանուր հարկային ռեժիմ: Նպատակն չունենք հիմա դա վերացնելու, այլ ուղղակի փորձելու ենք տարբեր գործիքներով իրեն դարձնել ավելի քիչ գրավիչ», - նշեց Վահե Հովհաննիսյանը:
Այս կամ այն ոլորտներին տրամադրվող հարկային արտոնությունների վերաբերյալ իշխանությունների տեսլականը իշխող խմբակցությունից Բաբկեն Թունյանը ներկայացրեց. - «Օրինակ՝ առողջապահության ոլորտն ազատված է ավելացված արժույթի հարկից, ՏՏ ոլորտի համար եկամտահարկի արտոնություններ կան, այս ծախսերը բավականին մեծ են և գերազանցում են 700 միլիարդ դրամը։ Սրա ուղղությամբ էլ պետք է աշխատենք ու հասկանանք դրանցից որ մասնա անարդյունավետ, և դրանք ուղղակի պետք է կամաց-կամաց հանել»:
Արցախից Հայաստան տեղափոխված ավելի քան 100 հազար քաղաքացիներին տրամադրվող պետական աջակցությունները բյուջեի նախագծում ամբողջությամբ արտացոլված չեն։ Քննարկումները դեռ կշարունակվեն, լրացումներ կատարելու հնարավորություն դեռ կա։