Կարմիր խաչն այս ամիս այցելել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո ձերբակալված և Ադրբեջանում պահվող հայ անձանց՝ «Ազատությանը» փոխանցեց ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Միջազգային կառույցը, սակայն, չի նշում, թե կոնկրետ ում է տեսակցել։ Ամատունին միայն փոխանցեց, որ տեսակցել են նրանց, որոնց անունները հաստատել են իշխանությունները։
Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվել է 16 անձ, որոնցից 6-ը զինծառայողներ են, 10-ը՝ քաղաքացիական անձինք։
Թեև Բաքուն հայտարարել էր, թե դիտարկում են զենքը վայր դրած ղարաբաղցիների հանդեպ համաներման որոշում կայացնելու հնարավորությունը և այս երաշխիքները տալիս են ամենաբարձր մակարդակով, այնուամենայնիվ առայսօր սեպտեմբերին և հոկտեմբերին գերեվարված ու ադրբեջանական բանտերում պահվող որևէ զինվորական համաներման չի ենթարկվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ծանր մեղադրանքներ է ներկայացնում Արցախի նախկին ղեկավարներին