Շուտով կսկսի աշխատել Հայաստանի սահմանների կառավարման կարողությունների աջակցությունը՝ ուղղված անվտանգության և միգրացիայի հարցերի լուծմանը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նոյեմբերի 13-ին Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել, արձանագրվել են երկու երկրների միջև համագործակցությունն, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ոլորտում։
Շարունակում է ընդլայնվել Հայաստան-ՄԹ համագործակցությունը պաշտպանության ոլորտում, փոխանցում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ ընդգծելով՝ երկու կողմերն ակնկալում են այս ամսվա վերջին իրականացնել Հայաստան-ՄԹ գլխավոր շտաբերի միջև բանակցությունների վեցերորդ փուլը:
Հայտարարությունում նշվում է, որ նախարարները համակարծիք են Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմաններրի անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտության, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա հիմնված՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում:
Եվրոպայի հարցերով նախարարն ընդգծել է երկարատև հակամարտությունից տուժածներին աջակցելու Միացյալ Թագավորության հանձնառությունը, այդ թվում՝ սեպտեմբերին հայտարարված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման միջոցով:
«Երկու կողմերն ակնկալում են ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն այս ռազմավարական երկխոսության մեկնարկի շրջանակներից դուրս, ներառյալ Եվրոպայի հարցերով նախարարի՝ Հայաստան առաջիկա այցի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) միջոցով, որը միասնաբար հույս ունենք կյանքի կոչել առաջիկա ամիսներին», - ասված է համատեղ հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոնդոնում բացվեց Հայաստանի նոր դեսպանատունը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը