Փոթիի նավահանգստում հաստատում են, որ Ֆրանսիայից Հայաստանի համար «հատուկ բեռ» է ժամանել

Ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության Bastion զրահամեքենաներ, արխիվ

Վրացական Փոթի նավահանգստի օպերատոր ընկերությունը՝ APM Terminals Poti-ն հաստատում է՝ օրերս Ֆրանսիայից Հայաստանի համար նախատեսված հատուկ նշանակության բեռ է ժամանել այստեղ։

Ընկերությունն այս հայտարարությունը հնչեցրել է ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորաբար այդ երկրի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած Caliber.az կայքում ի հայտ եկած այն հրապարակմանն ի պատասխան, ըստ որի՝ Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական արտադրության Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաների խմբաքանակը նոյեմբերի լույս 12-ի գիշերը ժամանել է Փոթի։

«Կոնկրետ այս մի դեպքում բեռը ժամանել է Եվրամիության անդամ երկրից՝ Ֆրանսիայից, և նախատեսված է եղել Հայաստան առաքման համար՝ մի երկիր, որի վրա պատժամիջոցները չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության և միջազգային կարգավորող մարմինների կողմից որևէ սահմանափակում այս հարցում չի եղել, այնպես որ՝ APM Terminals Poti ընկերությունը չի կարող անհիմն կերպով հրաժարվել ընդունել մի բեռ, որը սանկցիաների տակ չի գտնվում», - «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան նշել են Փոթիի նավահանգստի օպերատոր ընկերության ներկայացուցիչները՝ չհստակեցնելով, սակայն, թե խոսքը հատկապես ինչ բեռի մասին է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացական կողմն հաստատել է «հատուկ բեռի» տարանցումը Հայաստան

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, երեկվանից վստահորեն պնդում է, որ Փոթի ժամանած և Հայաստանի համար նախատեսված բեռը ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության Bastion զրահամեքենաներից է բաղկացած: Ֆրանսիական մեկ այլ ընկերություն էլ՝ АRQUUS-ը, ըստ ադրբեջանական աղբյուրների, Փոթիով Հայաստան է ուղարկել Bastion զրահամեքենաների համար նախատեսված անվադողեր և պահեստամասեր։ Caliber.az-ի հրապարակած լուսանկարներում հստակորեն երևում են ենթադրաբար Փոթիի նավահանգստի տարածքում կայանված երկու տասնյակից ավելի ֆրանսիական զրահամեքենաները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դատապարտում է «Փարիզի կողմից ՀՀ ռազմատեխնիկայի ուղարկումը», Երևանը, մինչդեռ, նման տեղեկություն չի տրամադրել

Մինչ այս պահը պաշտոնական Երևանը ֆրանսիական զրահամեքենաների առաքման մասին տեղեկությունները չի մեկնաբանել։

Փոխարենը, այս գործարքի մասին բավական ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել ֆրանսիական տեղական թերթերից մեկը՝ Ռենն քաղաքում լույս տեսնող Оuest-France-ը, պնդելով, թե Bastion-ների այս խմբաքանակը նախապես նախատեսված էր եղել Ուկրաինայի համար, սակայն Կիևը հրաժարվել է դրանցից` հրետանուց և հակատանկային հրթիռներից բավարար պաշտպանվածություն չունենալու պատճառով։ Ֆրանսիական պարբերականը նաև չի բացառում, որ Հայաստան առաքվող զրահամեքենաների թիվը կարող է հասնել 50-ի։

Մինչ այս պահը հստակ չէ, թե Bastion-ների հատկապես որ մոդիֆիկացիան է Ֆրանսիան առաքում Հայաստան։ Оuest-France-ն, օրինակ, պնդում է, որ Հայաստան առաքվող զրահամեքենաները նախատեսված են առավելագույնը ութ զինվորականների տեղափոխման համար, ինչը համընկնում է 2012 թվականից թողարկվող Bastion APC Extreme Mobility զրահամեքենայի տեխնիկական բնութագրերն։ Բաց աղբյուրներից ստացվող տեղեկատվության համաձայն՝ ֆրանսիական զրահամեքենաներն այս պահին օգտագործվում են մոտ երկու տասնյակ պետությունների զինված ուժերի կողմից, որոնց մեծ մասը Աֆրիկայում գտնվող ֆրանսիական նախկին գաղութներ են։

Այսպես, Չադի բանակը 22 Bastion ունի, որոնք այդ երկրի կողմից կիրառվել են Մալիում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ։

Բուրկինա-Ֆասոյի բանակն ու ռազմական ոստիկանությունը ընդհանուր առմամբ 20 Bastion ունեն, որոնցից մի քանիսը նկատվել են 2015 թվականին աֆրիկյան այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ընթացքում։

Bastion զրահամեքենաների շահագործողներից ևս մեկը Սաուդյան Արաբիան է, որի բանակը ֆրանսիական զրահամեքենաները կիրառել է Եմենում ընթացող պատերազմի ժամանակ։

Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության խորացման մասին տեղեկությունների ֆոնին նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Իսրայելից սպառազինության հերթական չափաբաժինն է ձեռք բերում։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը իսրայելական արտադրության Barak MX տեսակի ՀՕՊ համակարգերի հավելյալ խմբաքանակի մասին է։ Գործարքի ընդհանուր ծավալը հասնում է 1 միլիարդ 200 միլիոն ամերիկյան դոլարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Barak MX հրթիռային համակարգ է գնել Իսրայելից․ Globes

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան առաքված այս համակարգերի փորձարկումները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումից հաշվված օրեր առաջ։

Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններից մեկի՝ Israel Aerospace Industries-ի կողմից արտադրված Barak MX համակարգերը նախատեսված են երեք տիպի՝ 35, 75 և 150 կիլոմետր հեռահարություն ունեցող հրթիռների համար, որոնց գործողության առավելագույն բարձրությունը հասնում է 16 կիլոմետրի։ Արտադրող ընկերության պնդմամբ՝ Barak MX-ները նախատեսված են թե՛ օդանավերի, թե՛ անօդաչու թռչող սարքերի և թե՛ հրթիռների խոցման համար։

Your browser doesn’t support HTML5

Փոթիի նավահանգստում հաստատում են, որ Ֆրանսիայից Հայաստանի համար «հատուկ բեռ» է ժամանել