Կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը

Լոնդոնում կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ հավելելով, որ հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Ըստ հաղորդագրության, Միրզոյանն ու Դոքերթին հանգամանալից անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Միրզոյանը շեշտել է հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացում առաջ շարժվելու՝ Ադրբեջանի կողմից հանրային հանձնառության արտահայտման, ինչպես նաև այդ հարցում միջազգային գործընկերների գործուն ներգրավվածության կարևորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարությունը Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշում է զանգվածային տեղահանություն

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով տարածաշրջանի կայունության և զարգացման համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Հանդիպմանը նաև քննարկվել է Լեռնային Ղարաբաղի քան 100 հազար հայ բնակչության տեղահանման ու ԼՂ ժողովրդի առաջնային կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Արարատ Միրզոյանն ու Լեո Դոքերթին ընդգծել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, ռազմավարական երկխոսության մեկնարկը վկայում են ՀՀ-ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի պատրաստակամության, այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի մասին։

Քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը։ Անդրադարձել են մի շարք` քաղաքական, առևտրատնտեսական, անվտանգային, նորարարության, մարդկանց միջև շփումների ոլորտներում և այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա ընդլայնման հեռանկարներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանը մասնակցել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության բացմանըՄիրզոյանը Լոնդոնում է՝ մասնակցելու Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության առաջին նիստին