Գլխավոր դատախազությունը պահանջում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ու դիզվառելիք յուրացման գործով մյուս մեղադրյալներից մոտ կես միլիարդ դրամ բռնագանձել։ Սա այն վնասն է, որն ըստ իրավապահների, պատճառվել է պետությանը Սարգսյանի ու ենթակաների գործողությունների հետևանքով։
Այսօրվա նիստին մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը պնդեց, թե նախաքննության և դատաքննության ընթացքում հաստատվել է Սարգսյանի, դիզվառելիքը մատակարարած «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի ու մյուս ամբաստանյալների մեղքը։ Մեղադրող կողմը բռնագանձման հայցը հիմնավորեց օրենքի պահանջով։
Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդը յուրացվել է, երբ մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշը», որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից էր։
Այսօրվա նիստը շատ կարճ տևեց՝ հետաձգվեց, քանի որ Սարգսյանի փաստաբաններն առնվազն 14 օր խնդրեցին դատախազի պահանջին ծանոթանալու ու իրենց առարկությունները ներկայացնելու համար:
3 տարի առաջ մեկնարկած դատաքննությունն արդեն ավարտին է մոտենում, հաջորդ նիստերում սպասում է արդեն մեղադրական վճռի հրապարակումը: Բայց, եթե անգամ հաստատվի մեղադրանքը, երրորդ նախագահը չի ազատազրկվի, քանի որ նրան վերագրվող հանցագործությունների վաղեմության ժամկետն արդեն ավարտվել է: Ստացվում է՝ եթե դատարանը բավարարի մեղադրող կողմի պահանջը, ամբաստանյալներից պետք է միայն գումարը գանձվի։
Երրորդ նախագահը չի առաջարկել փակել գործը վաղեմության հիմքով: Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում և արդարացում է պահանջում։ Եթե վաղեմության ժամկետը լրացած չլիներ, նրան 5-8 տարվա ազատազրկում էր սպառնում։
Այսօրվա նիստից հետո Սերժ Սարգսյանը դատարանից հեռացավ առանց լրագրողներին որևէ մեկնաբանություն տալու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սերժ Սարգսյանն առաջին անգամ ցուցմունք տվեց՝ ըստ էության հերքելով թե՛ իր, թե՛ մյուսների մեղադրանքը