«Մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար», - հայտարարել է Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողության ժամանակ, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։
Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանն իր ելույթում մասնավորապես նշել է՝ «վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը»:
«Այս դեսպանությունը հանդիսանում է բարեկամության և համագործակցության փարոս մեր ժողովուրդների միջև, և այս շենքը կամուրջ է, որը կապում է ոչ միայն մեր կառավարություններին, այլև մեր տնտեսությունները, մեր մշակույթները և մեր ժողովուրդներին: Այսօր ժապավենը կտրելիս մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը: Բայց նաև հետաքրքիր զուգադիպությամբ բացման այս արարողությունից անմիջապես հետո մենք պատրաստվում ենք մեր հարաբերությունների նոր մակարդակի՝ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին»:
Արարատ Միրզոյանը նաև գրառում է կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում, որտեղ մասնավորապես նշել է․ «Շուրջ երեք տասնամյակ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ջանքեր են գործադրել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։
Լոնդոնի սրտում գտնվող այս շենքում ՀՀ դեսպանության տեղակայումն ի ցույց է դնում մեր պատրաստակամությունը խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին` ի շահ մեր երկու ժողովուրդների»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Լոնդոնում է՝ մասնակցելու Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության առաջին նիստին