Բաքուն դատապարտում է «Փարիզի կողմից ՀՀ ռազմատեխնիկայի ուղարկումը», Երևանը, մինչդեռ, նման տեղեկություն չի տրամադրել

MINUSMA Bastion զրահամեքենան Մալիում, արխիվ

Բաքուն «խստորեն դատապարտել է» Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի ուղարկումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։

Հաջիզադեն շեշտել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։

«Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ տան տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։

Հոկտեմբերի վերջին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի խոսքով՝ Փարիզը Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ըստ պաշտոնյաների՝ ֆրանսիական կողմը կօգնի Հայաստանին նաև Զինված ուժերի բարեփոխումների հարցում, սակայն հայկական կողմը մինչ օրս տեղեկություն չի տրամադրել Հայաստան ֆրանսիական զենքի տեղափոխման մասին։

Հայաստանի նոր սպառազինությունը