Ուկրաինայում զոհվել է առնվազն 36 հազար 325 ռուս զինծառայող. հետաքննություն

Ուկրաինացի ոստիկանը ռուսական ջախջախված հրասայլերի մոտ, արխիվ, Լիման, Դոնեցկի շրջան, 5 հոկտեմբերի, 2022թ.

BBC հեռուստառադիոկայանի ռուսական ծառայությունը և Mediazona առցանց լրատվական գործակալությունը համատեղ հետաքննությամբ և կամավորների աջակցությամբ հաստատել են, որ ամռանը մեկնարկած ուկրաինական հակագրոհի ընթացքում զոհվել են առնվազն 3755 ռուսաստանցի զինծառայողներ, այդ թվում՝ 370 սպաներ, որոնցից 2-ը գեներալի կոչում են ունեցել:

Դատելով հրապարակված մահախոսականներից՝ հակահարձակման ընթացքում ամենամեծ կորուստները կրել են զորակոչվածները՝ 939 հաստատված մահ, և կամավորները՝ 668 մահ:

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում սպանվել է առնվազն 36 հազար 325 ռուս զինծառայող:

BBC -ն և Mediazona-ն տվյալները վերցնում են միայն բաց աղբյուրներից և զինծառայողին «զոհված» են համարում միայն այն դեպքում, եթե հայտնի են նրա անուն-ազգանունը և հուղարկավորության վայրը:

Վերջին զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը պատերազմի սկզբից կորցրել է առնվազն 197 ռազմական օդաչու։ Նրանք համարվում են բացառիկ անհատ մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրի ուսուցումն ու վերապատրաստումը պահանջում է առնվազն 6 տարի և արժե ավելի քան 3 միլիոն դոլար։

Հունիսից մինչև հոկտեմբերի վերջ ռուսական կողմը կորցրել է ավելի քան 370 սպա, որոնցից 2-ը գեներալ են եղել, իսկ 32-ն ունեցել են փոխգնդապետի կամ ավելի բարձր կոչում:

Վերջին անգամ ռուսական կողմը 2022 թվականի սեպտեմբերի 21-ին է պաշտոնական տեղեկություն հայտնել կորուստների մասին: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե «ռազմական հատուկ գործողության» ընթացքում զոհվել է 5 հազար 937 մարդ։

Նա այդ հարցազրույցում պնդել է, թե Ուկրաինան կորցրել է բանակի կեսը՝ 61 հազար 207 զոհ և 49 հազար 368 վիրավոր։

Ուկրաինան նույնպես հազվադեպ է տվյալներ հայտնում սեփական կորուստների մասին: Politico ամերիկյան պարբերականի փոխանցմամբ՝ 2023 թվականի մարտի 15-ի դրությամբ Ուկրաինան զոհերով և անդառնալի վիրավորներով կորցրել է ավելի քան 100 հազար զինծառայող:

Անդրադառնալով պատերազմում ռուսական կողմի զոհերի առավել հավանական թվին՝ BBC-ն և Mediazona-ն ենթադրում են, որ «ըստ ամենապահպանողական գնահատականի՝ նոյեմբերի սկզբին Ռուսաստանը կարող էր կորցնել ընդհանուր հաշվով 72 հազար 650 զինծառայող, ընդ որում այդ թիվը չի ներառում նրանց, ովքեր կռվել են Ուկրաինայի դեմ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների ջոկատներում»: