«Ամեն օր վեց գործող հենակետերից պարեկություն ենք իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում ու շփման գծում», - հաղորդում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։
Առաքելությունն X-ի իր էջում նշում է, որ պարեկային այցերը նպատակ ունեն տեղում գնահատելու անվտանգության զարգացումները, իսկ այցերից ստացված հաշվետվությունները փոխանցվում են Եվրամիությանը՝ նորմալացման գործընթացին աջակցելու համար։
Նոյեմբերի 1-ին ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց՝ տեղեկացնելով՝ պարեկային այցերի թիվն այս պահին հասնում է 1000-ի, դիտորդներինը՝ 100-ի։ Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու, Իջևանի ու Եղեգնաձորի գրասենյակներից։
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնել է պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին