Ախթալայի հանքախորշերից մեկում երկու աշխատակից թունավորվել է գազից, քրեական վարույթ է հարուցվել

Երեկ երեկոյան Ախթալայի հանքախորշերից մեկում երկու աշխատակից թունավորվել է գազից ու անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից մեկն այսօր արդեն դուրս է գրվել, մյուսը դեռ բուժում է ստանում, բայց ընտանիքի անդամների պնդմամբ՝ վիճակը լավ է, և կյանքին վտանգ չի սպառնում։

Իրավապահները քրեական վարույթ են հարուցել՝ պարզելու՝ արդյոք երկու կիլոմետր խորության հանքախորշում խախտվել են անվտանգության կանոնները։

Հիվանդանոցում դեռ բուժում ստացող Արամ Մելիքսեթյանի որդին՝ Հովհաննես Մելիքսեթյանը, որ նույնպես աշխատում է հանքում, «Ազատությանն» ասաց՝ գետնի տակ գազերը հանկարծակի շատացել են, ինչից էլ թունավորում է առաջացել։ Ընկերության դեմ բողոք չունեն:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության հարցերով պատասխանատու Մկրտիչ Մարգարյանի վարկածով ոչ թե հանքաքարերից առաջացող գազերից, այլ հանքախորշում աշխատող մեքենաների արտանետումներից է եղել թունավորումը։ Ասաց՝ ամեն տարի պետական մարմինները փորձաքննություն են անցկացնում հանքում՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ. կա դրական եզրակացություն, ըստ որի բոլոր կանոնները պահպանված են։ Ըստ ընկերության պաշտոնյայի՝ գազերի կուտակումն առաջացել է անոմալ տաք եղանակի պատճառով։

Գրեթե ամեն տարի Ախթալայի փակ հանքում վթարներ են տեղի ունենում։ Վերջին 6 տարում երկու մահվան դեպք է եղել, երկու աշխատակից հաշմանդամ է դարձել, մի քանի վթարի հետևանքով բնությանն է վնաս հասցվել։ Բայց հարուցված քրեական վարույթները հիմնականում կարճվել են, պատժվողներ չեն եղել։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.