ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու հարցում. Միրզոյան

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը` ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42–րդ նստաշրջանին։

Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է, նշել է նախարարը։

«2020թ. աշնանից Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգել է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին», - ասել է նա՝ շարունակելով. - «Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում»։

Միրզոյանը նաև հանդիպում է ունեցել կառույցի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, արժևորել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքը և բռնի տեղահանված փախստական երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով կազմակերպության կողմից հրատապ առաքելության Հայաստան գործուղումը։

«Երկուստեք ընգծվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։