«Ասում են՝ շահառու եք, բայց փողը չկա». ոչ բոլոր արցախցիներն են ստացել կառավարության միանվագ աջակցությունը

Արցախից տեղահանված 68-ամյա Շողիկ Աբրահամյանի հարազատները արդեն երկրորդ ամիսն է՝ պետության 100 հազար դրամ միանվագ աջակցությունը չեն ստանում, ընտանիքից միայն ինքն է ստացել։ Նա հեռուստացույցով պարբերաբար լսում է՝ այս ծրագրից 100 հազարից ավելի արցախցի է օգտվել։ Թե ինչու հարսն ու երկու ուսանող թոռները մինչ այս պահը չեն ստացել, անցած շաբաթների ընթացքում որևէ գերատեսչությունից այդպես էլ չի կարողացել պարզել։ Իրենք նաև ջրի, գազի, հոսանքի ու տան վարձավճարի 10+40 հազար դրամներից չեն կարողանում օգտվել։

«Գնացել եմ սոցապ, ուր գնում ենք, ասում են՝ շահառու եք, շահառու եք, բայց փող չկա, փող չի նստում, ո՞նց...մշակման փուլում է», - ասում է նա։

68-ամյա ստեփանակերտցի կինն արդեն հույսը կտրել է, թե իրենց հասանելիք գումարը կարող են ստանալ, մինչ այդ տան վարձը պետք է վճարեն. - «Ախր մի տնից ենք դուրս եկել նույն օրը, տարբեր օրերի չենք դուրս եկել, մի մեքենայի մեջ, միանգամից էլ գրանցված։ Իմը նստել ա, իրենցը չկա»։

Երևանի արվարձաններից մեկում ընդամենը երկու սենյակի համար 250 հազար դրամ են վճարում։ Անասելի դժվարություններով Հայաստան հասած ընտանիքում 4 կին են, ինքը հաշմանդամություն ունի, հարսն էլ ասում է, աշխատանք չի գտնում, թոռները ուսանող են։

«Մի ամիսը ես տվել եմ, արդեն երկրորդ ամիսն է, ուզում է տանտերը, չկա», - նշում է նա։

Պաշտոնական տվյալով՝ 100 հազար միանվագ աջակցությունից 104 հազար 200 արցախցի է օգտվել։ Թե քանիսը դեռ չեն ստացել իրենց աջակցությունը, կառավարությունը չի հայտնում։

«Դեռ կան վճարման անհրաժեշտ տվյալներ, որոնք մեզ մոտ մշակման փուլում են, մենք հավելյալ քննարկումներ դրանց մասով պետք է ունենանք և արդեն մյուս մասով էլ որոշում կայացնենք», - կառավարության այսօրվա նիստին խնդրի մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Գործադիրը այսօր նաև հայտարարեց հերթական աջակցության ծրագրի մասին՝ արցախցիների առաջնային սպառողական ծախսերի համար է, հայտարեցին կառավարության նիստում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց՝ աջակցությունից չեն կարող օգտվել 2 միլիոն դրամից ավելի ավանդ ունեցող, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող և մինչև սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառված արցախցիները։

«Ծրագրի համար դիմողը դիմում լրացնելիս կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում Կենտրոնական բանկը կպարզի մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները», - ասաց Նարեկ Մկրտչյանը։

50 հազար դրամը ստանալու համար տեղահանված արցախցիները պետք է եկող շաբաթվանից էլեկտրոնային դիմում ներկայացնեն։ Այս աջակցության ծրագիրն իրականացնելու համար կառավարությունն այսօր 10 մլրդ դրամ տրամադրեց բյուջեից։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հնարավոր պայմաններում տեղավորել ենք, եղել են դեպքեր, երբ հյուրանոցներում են տեղավորվել, հիմա տրամաբանությունն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք նաև պետք է հյուրանոցներին դուրս գան, այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախցիները, սակայն, պետք է մինչև նոյեմբերի 15-ն ազատեն հյուրատներն ու հյուրանոցները, որպեսզի դառնան 50 հազարականների շահառու, պարզաբանեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հյուրանոցներում ապրող արցախցիների թիվը կառավարությունը չհրապարակեց։