Իսրայելի բանակը պնդում է, որ Ջաբալիայում գրավել է «Համաս»-ի հենակետը

Գազայի հատված - Իսրայելական ուժերի հարվածների հետևանքները Ջաբալիայում, նոյեմբեր, 2023.

Իսրայելի բանակը X սոցցանցում արված գրառմամբ հայտնում է, որ 10 ժամ տևած մարտերի արդյունքում Գազայի հատվածի արևմուտքում՝ Ջաբալիայում հաջողվել է գրավել «Համաս»-ի հենակետը:

Ըստ պաղեստինյան Wafa գործակալության՝ Իսրայելի օդուժը հարվածել է Ջաբալիայի փախստականների ճամբարին։ Ջաբալիան ուժեղ հրթիռակոծվել էր նաև հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին, ինչի հետևանքով, ըստ «Համաս»-ի, շատ մարդիկ են զոհվել։

Հոկտեմբերի 7-ից ի վեր, Գազայի հատվածից հաղորդվում է ավելի քան 10 հազար զոհի մասին, ինչի արժանահավատությունն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։ Իսրայելը հայտնել է իր կողմում 1400 զոհի մասին, բայց ըստ իսրայելական մամուլի՝ զոհերի թիվն անցնում է 1500-ը։

Իսրայելի բանակի մամուլի խոսնակ Դանել Հագարին երեկ ասել է, որ «Համաս»-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի հյուսիսի վրա։ Նրա ասելով՝ չորեքշաբթի օրը 50 հազար մարդ է հեռացել Գազայի հյուսիսից դեպի հարավ։