«ԶԻԼ» մակնիշի հնամաշ բեռնատարը լավագույն դեպքում շաբաթը մեկ անգամ է շրջում Վանաձորի Տարոն և Երրորդ մաս կոչվող թաղամասերում, բնակիչներից հավաքում օրերով կուտակած աղբը, ինչպես նախորդ դարում էր։
Բնակիչներն արդեն հույս չեն դնում լավագույն դեպքում շաբաթը մեկ անգամ թաղամասում երևացող «ԶԻԼ»-ի վրա։ Աղբը հասցնում են մոտակա աղբանոց, որտեղ մշտապես բերնեբերան լցված են երեք մետաղյա աղբարկղերն, ու շրջապատում, առնվազն, 10 մետր շառավղով ոտք դնելու տեղ չկա։ Տարածքում վաղուց արդեն աղբատարներ չեն տեսել, փոխարենը թափառող շների պակաս չկա, ասում են հարակից շենքերի բնակիչները։
«Երբ ուզեն, գալիս են, երբ չեն ուզում, չկան, կարող է 2-3 շաբաթ չգան, բայց էդպես չի կարելի։ Շաբաթ մի անգամ գոնե պիտի գան», - ասում են քաղաքացիները։
150 հազար բնակիչ ունեցող Վանաձորը, հատկապես կենտրոնից փոքր-ինչ հեռու անտանելի աղբի մեջ է։ Ընդամենը մի քանի ժամ քաղաքում շրջելիս դատարկ աղբարկղեր գրեթե չեն նկատվում։ Եթե անգամ դրանք դատարկ են, ապա շրջակայքում պարկերով աղբ, կենցաղային իրեր, հագուստ, անկողնային պարագաներ ու պլաստմասե իրեր են թափված։ Անգամ մորթված կենդանիների կաշի կարելի է տեսնել, որոնց վրա թափառող շների խրախճանք է։ Այս ամենի գարշահոտությունը հարակից շենքեր է հասնում։ Փողոցների եզրերին ծփում են քամուց քշված դատարկ տոպրակները։
Արդեն երկու տարի ժամանակավոր ղեկավարներ ունեցող Վանաձորում, ըստ համայնքապետարանի, օրական առնվազն մեկ միլիոն դրամ է ծախսվում աղբահանության համար։ 5 ընկերություններից մեկի՝ «Սանմաքրում» ԲԲԸ գործադիր տնօրեն Էդմոնդ Էդարյանը հաստատում է՝ աղբի մեքենաները հին են, հաճախ են կանգնում անսարքության պատճառով։ Վերջին շրջանում բնակիչներն ավելացել են, աղբի ծավալը՝ նույնպես, ասում է Էդարյանը։
Երեկվանից Վանաձորի փողոցներում պլաստիկե նոր աղբարկղեր են տեղադրում, չնայած դրանք գործող հին աղբատար մեքենաներով դատարկել չեն կարող։ Ավելի տարողունակ ու նոր աղբարկղերը սպասարկելու համար դեռ ամիսներ առաջ Եվրամիության դրամաշնորհի հաշվին 4 նոր աղբատար մեքենա էին ձեռք բերել, որոնք, սակայն, դեռ չեն շահագործվում։ Համայնքապետարանի պաշտոնական էջում տեղեկություն կա, որ առաջիկայում ևս 7 մեքենա են Վանաձոր բերելու Տարածքային զարգացման հիմնադրամի ու համայնքի միջոցներով։
11 աղբատարները որպես համայնքի սեփականություն փաստաթղթավորելու, շահագործման իրավունքի և նոր աշխատողներ ունենալու համար ավագանու որոշումներ են պետք, ասում է իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը, պնդելով՝ առանց ավագանու որոշման աղբարկղերն ու աղբատար մեքենաները շահագործելը կոռուպցիոն ռիսկեր ունի։
«Ըստ երևույթին, կա հիմա խնդիր, չի բացառվում, որ Վանաձորում լինեն արտահերթ ընտրություններ, և կա խնդիր՝ ցույց տան, որ աշխատում են», - ասաց նա։
Վանաձորում երկու տարվա ընթացքում ավագանին ընդամենը երկու արտահերթ նիստ է գումարել։ Դեռ քաղաքական խմորումներ են, բայց աղբատարները շահագործելու համար առաջիկայում էլի արտահերթ կգումարվի։ Չնայած ավագանին դատարանների վերջին վճիռներից հետո կարող է նաև համայնքի ղեկավար ընտրել, բայց քաղաքի ժամանակավոր ղեկավարներն ու կուսակցություններն այդ մասին լուռ են։ Հրաժարվեցին նաև հարցազրույց տալ։
Համայնքապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը միայն հաստատեց՝ նոր աղբատարները կշահագործեն, անգամ մինչև ավագանու թույլտվությունը, քանի որ համայնքում աղբահանության խնդիրները մեծ են։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5