Կիևին աջակցության դադարեցումը կհանգեցնի սարսափելի հետևանքների Ուկրաինայի և Եվրոպայի համար. Բերբոք

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, արխիվ, Կիև, 11 սեպտեմբերի, 2023թ.

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Կիևին աջակցության դադարեցումը կհանգեցնի «սարսափելի հետևանքների Ուկրաինայի և Եվրոպայի համար»: Այդ մասին նա ասել է Ճապոնիայում «Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Նրա խոսքով՝ «Ուկրաինան չպետք է պարտվի այդ հակամարտությունում»։

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Politico հանդեսի եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպական միությունից ֆինանսական օգնության տրամադրման հետաձգումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի համար։

Նա նշել է, որ Ուկրաինան կարող է մակրոտնտեսական լուրջ ճգնաժամի առաջ հայտնվել առանց եվրոպացի գործընկերների հետագա նյութական աջակցության։ Նրա խոսքով՝ առանց եվրոպական ֆինանսական օգնության Ուկրաինայի պետական բյուջեի ճեղքը կկազմի 29 միլիարդ դոլար։