Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նոյեմբերի 1-3-ն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով, հայտնում են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ, քննարկել հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Էդվարդ Ասրյանը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը: Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝
զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն և սերժանտական ակադեմիա: