Թյուրքական պետությունները «սատարում են ադրբեջանա-հայկական կարգավորմանը»

Թյուրքական պետությունների 10-րդ գագաթնաժողովը, Աստանա, 3 նոյեմբերի, 2023թ.

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 3-ին գումարված Թյուրքական պետությունների 10-րդ գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են ամփոփիչ հռչակագիրը, որում կա անդրադարձ նաև ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացին:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, թյուրքական երկրների ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը բազմակողմ համագործակցության զարգացմանը, որը հիմնվում է թյուրք ժողովուրդների ընդհանուր պատմության, լեզվի, մշակույթի, ավանդույթների և արժեքների վրա։

Հռչակագրում կարևորվում է թյուրքական աշխարհին հետաքրքրող տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում ձևավորելու համար անդամ երկրների խորհրդատվությունների անցկացումը:

Բացի այդ, հռչակագիրը ևս մեկ անգամ վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, «որը հիմնվելու է երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգման վրա»։