Կոնգրեսականները հաստատել են Իսրայելին 15 միլիարդ տրամադրելու օրինագիծը, որը սենատորները, հավանաբար, կմերժեն

Կոնգրեսականները շնորհավորում են Ներկայացուցիչների տան նորընտիր խոսնակ Մայք Ջոնսոնին, Վաշինգտոն, արխիվ, 25 հոկտեմբերի, 2023թ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը հավանություն է տվել Իսրայելին 15 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու հանրապետականների հեղինակած օրինագծին: Այդ գումարից 4 միլիարդը պետք է ուղղվի Իսրայելի հակաօդային պաշտպանության հզորացմանը:

Սա առաջին խոշոր օրինագիծն է, որն ընդունվում է Ներկայացուցիչների տան նորընտիր խոսնակ Մայք Ջոնսոնի պաշտոնավարման օրոք:

Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Կոնգրեսի երկրորդ պալատում՝ դեմոկրատականների կողմից վերահսկվող Սենատում, օրինագիծը հավանություն չի ստանա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ վետո կդնի օրինագծի վրա, եթե դրանում չներառվի նաև օգնությունն Ուկրաինային:

Կոնգրեսի երկու պալատների տարաձայնությունները կարող են հանգեցնել նոր ճգնաժամի, քանի որ առաջիկայում օրենսդիրները պետք է համաձայնեցնեն արտակարգ ծախսերի փաթեթը: