Խոպանից՝ առաջնագիծ. Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական կողմից հայեր են զոհվել

Լիդա Սուքիասյանը՝ զոհված Հովսեփի մորաքույրը

Տաշիրում ծնված 46-ամյա Արմեն Անախասյանը զոհվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում։ Լոռու մարզում ապրող նրա հարազատները չգիտեն՝ շինարար Արմենը, որ Ռուսաստանի քաղաքացի չէր, ինչու և ինչպես է որոշել զինվոր դառնալ «Վագներ» մասնավոր խմբի շարքերում։

Հարազատները պատմեցին՝ Արմենի մահվանից միայն մեկ ամիս անց են իրենց հետմահու մեդալներ ու ջոկատի հրամանատարի տեղեկանքն ուղարկել․ կամավորագրվել է այս տարի՝ մարտի 21-ին, զոհվել ապրիլի 6-ին՝ Արտյոմովսկում։

Մեկ այլ տաշիրցի Ռոբերտ Սարգսյանը 25 և 27 տարեկան զարմիկների մասին է պատմում։ Ռուսաստանի քաղաքացիություն ունեին, բայց պաշտոնական փաստաթղթերով ազատված էին ծառայությունից։ Չնայած դրան՝ այս տարի նրանց էլ են պատերազմ տարել, թեև Ռուսաստանի իշխանությունները պնդում են՝ նոր մոբիլիզացիա չկա։

«Չեն ուզեցել ծառայեն, ամեն դեպքում տարել են։ Պավեստկան եկել է, պետությունն էլ տարել է։ Ծնողները «մեռած» վիճակում էին, հետո եկան, նոր խելքի եկան, ուրախացան», - ասում է նա։

Տաշիրից մեծ թվով ընտանիքներ տարիներ շարունակ ապրում են Ռուսաստանում, շատերը՝ հաստատվում, քաղաքացիություն ստանում։

Նորաշենից 85-ամյա Անահիտ Մարտիրոսյանը գլուխ չի հանում՝ դռները կողպելուց ու Ռուսաստան մշտական բնակության գնալուց համագյուղացիները շահե՞լ, թե՞ տուժել են։

Գյուղի դատարկ մնացած տներից մեկն էլ Սուքիասյաններինն է։ Արցախյան առաջին պատերազմից հետո էին Ռուսաստան տեղափոխվել, որդին՝ Հովսեփը, ռազմական կրթություն էր ստացել ու ռուսական բանակի սպա դարձել։ Ընտանիքը համոզված էր, որ Ռուսաստանում զինվորականի մասնագիտությունն անվտանգ է, ռուսաստանցի զինվորի պատերազմ գնալու հավանականությունը՝ չնչին։ Բայց Հովսեփի 30-ամյակից անմիջապես հետո Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ու պատերազմի առաջին իսկ օրը Հովսեփը մեկնեց ռազմաճակատ։ Ընդամենը տասն օր անց երիտասարդի զոհվելու մասին լուրն իրենց է հասել, պատմում է մորաքույրը՝ Լիդա Սուքիասյանը։

«Հենց պատերազմի սկզբին՝ փետրվարի 23-ին, ինքը հասավ Բրյանսկ, հետո ասացին, որ մի 60 կմ է մնացել, որ հասնեն Ուկրաինա։ Հետո ասում են՝ այդ մասերում վիրավորներին հավաքել են «Կամազի» մեջ, որ տանեն հիվանդանոց, անօդաչուն ընկնում է հենց այդ «Կամազի» վրա, բոլորը զոհվում են», - պատմեց նա։

Ռուսաստանում ապրող մայրը մինչև օրս՝ երկու տարի անց, չի հավատում, որ որդին չկա։ Մարմինը չի տեսել, ականատեսների պատմած վարկածներն էլ անհավատալի են թվում իրեն. - «Ոչ մի բան չեն բերել, զնաչոկ, մի իր ազգանունով ռեմեն, կերևար, մենակ ոսկորն են տվել, թե տարեք, սա է ձեր երեխան»։

Լիդա Սուքիասյանի գրեթե բոլոր հարազատները Ռուսաստանում են։ Ասում է՝ չնայած Արցախի հայաթափումից հետո հիասթափվել են դաշնակից երկրից, բայց շարունակում են մնալ, քանի որ տասնամյակների ընթացքում այնտեղ են տուն-տեղ ստեղծել։

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ակնհայտ լարվածությունը դեռ չի մտահոգում։ Դրանք գոնե առայժմ միայն պաշտոնական մակարդակներում են, ասում է նորաշենցի կինը. - «Էնդտեղ են, ի՞նչ անեն, փախնեն, գան այստեղ, ի՞նչ անեն։ Մենք կապված ենք նրանց հետ, ինչքան էլ դա դժվար ընդունենք, բայց նրանցից կախված ենք»։

Արցախից տեղահանված Ժասմին Իսկանդարյանը, մինչդեռ, մերժել է Ռուսաստանում բնակվող դստեր հրավերներն ու 5 հոգանոց ընտանիքով հաստատվել Նորաշենի անբնակ տներից մեկում։ Որդին բաղնիք է կառուցում, այգին կարգի բերում։ Պատերազմներից փախած ընտանիքն ասում է՝ Նորաշենը շեն գյուղ է, ու մտադիր են նոր տուն ստեղծել այստեղ։