Հովհաննես Թումանյանի թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը դատի կտա կրթության նախարարին։ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 27-ին լուծարել է Անի Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրն՝ առանց իր թույլտվության արտերկիր գործուղման մեկնելու համար։
«Վիճարկելու եմ, որպեսզի իմ անհամաձայնությունը տամ կայացված որոշմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անի Եղիազարյանը։
Համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն Անի Եղիազարյանի։ Մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ նախարարի որոշումը անարդար են համարում և պահանջում վերականգնել Եղիազարյանին թանգարանի տնօրենի պաշտոնում։
Նախարարությունը, սակայն, նահանջելու մտադրություն չունի։ Օրեր առաջ պարզաբանել էին, թե նախարարը չէր հաստատել Եղիազարյանի՝ թումանյանական թեմայով Լատինական Ամերիկայում գիտաժողովների մասնակցելու թույլտվության խնդրանքը։ Իսկ Եղիազարյանը երկրորդ անգամ դիմելուց հետո չի սպասել նախարարության պատասխանին և առանց հրամանի ու թույլտվության ինքնակամ մեկնել է երկրից։
Փոխնախարար Արաքսյա Սվաճյանն ասում է՝ խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, ինչպես ակնարկել էր նախկին տնօրենը, այլ գործատուի հրամանն անտեսելը:
«Ցանկացած տնօրեն, որ արձակուրդ կամ գործուղման է մեկնում, նախարարի հրամանով ունենում է իր գործունեությունն իրականացնելու իրավունքը», - նշեց փոխնախարարը։
«Եթե կար բացարձակ մերժում, որ որևէ կերպ անթույլատրելի է իմ՝ երկրից բացակայելը և հատկապես նման ծրագրի իրականացումը, ուրեմն գոնե պիտի ես ստանայի նաև այդ տիպի որևէ փաստաթուղթ, որպեսզի ես մերժումս նաև հրավիրող կողմերին կարողանայի ըստ պատշաճի անել։ Մարդիկ ինքնաթիռի տոմսեր են գնել և ներքին տեղաշարժի տոմսեր, նավային փոխադրումներ, այսինքն՝ բավականին լուրջ ֆինանսական ներդրում է եղել այդ կողմից», - ասաց նա։
Թանգարանում տարբեր պաշտոններում 14 աշխատած Եղիազարյանն ընդունում է՝ եղել է օրենքի խախտում, բայց դրան ոչ նախորդել և ոչ էլ հաջորդել է որևէ նկատողություն, կարգապահական տույժ, միանգամից աշխատանքից հեռացրել են։
«Նկատողություններ ես չեմ ունեցել մինչև այս պահը, եղել են շատ լավ աշխատանքային հարաբերություններ», - նկատեց նա։
«Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի», - աշխատանքից հեռացվելուց անմիջապես հետո Ֆեյսբուքում գրել էր Եղիազարյանը։
Նաև հասարակական գործիչ Թումանյանից մեջբերումները շատ են նախկին տնօրենի էջում։ Գուցե այսօրվա իրականության հետ զուգահեռնե՞րն են վրդովվեցրել կրթության ու մշակույթի ոլորտը համակարգող նախարարին։ Եղիազարյանը ոչ միայն չի կարծում, որ 20-րդ դարի ամենահայտնի հայ գրողի խոսքը կարող է վնասել, այլև հիշեցնում է, թե ում հիշատակեց հենց ինքը՝ վարչապետը ամանորյա իր ուղերձում։
«Ցանկացած բարդ իրավիճակներում Թումանյանին նորից մեր կյանք բերելը զուտ այնքանով է նպաստավոր եղել, որ հասարակական խոսքի տիրույթում դրվեն մտածողի առաջարկներ, որովհետև իրավիճակների նույնությունը նաև փնտրում է ելքեր դրա լուծումների, և մենք՝ Թումանյան թանգարանը, որ կոչված է ի վերջո Թումանյանի ժառանգությունը տարածելու գործառույթին, չէր կարող անմասն մնալ և մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին Թումանյանի ներկայությունը չապահովեր մեր կյանք։ Դա կնշանակեր, որ ուրեմն մենք էլ իրեն չենք կարդացել, մենք էլ իրենից տեղյակ չենք, որ այդքան նույնականության դեպքում չենք արձագանքում իր խոսքով այդ ամեն ինչին։ Շատ հետաքրքիր է, որ տարեսկզբին հենց ՀՀ վարչապետը տարին սկսեց մեր երկու մեծ մտավորականների հաղորդագրություններով՝ Հովհաննես Թումանյանի և Եղիշե Չարենցի, որ երկու մեր կարևորագույն մտածողներն այսօր մեր կյանքում ներկա են, որպեսզի մեր կյանքի, մեր երկրի այս բարդագույն շրջափուլերում մենք ուղղորդվենք դրանցով»։
Ի դեպ, վերանորոգման պատճառով թանգարանը 3 տարով դադարեցրել է այցելուներին ընդունել մշտական հասցեով և սեպտեմբերից ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում։ Թանգարանը նոր տնօրեն դեռ չունի, փոխարենը՝ խնդիրներ, որոնք պետք է արագ համակարգել, ասում է Եղիազարյանը։ Նախկին տնօրենը կրթության նախարարից առանց միջնորդների անկեղծ զրույց է խնդրել, 8 օր է անցել, բայց արձագանք դեռ չկա։
«Ճշմարտությունը երբեք չի կորչում»,- Թումանյանի խոսքով է հակադարձում Եղիազարյանը կրթության նախարարի լռությանը։