Աստանայում այսօր հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանային, գլոբալ, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող հարցեր։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացը»,- նշում է գործակալությունը։
Պաշտոնական Երևանն այսօր լավատեսություն է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն կունենան։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում, 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Խոսքը, մասնավորապես, այս փուլում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նախկին պայմանավորվածությունների մասով մոտ ապագայում գուցե լավ նորություն կունենանք»․ Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերություններից