Քաղաքացիները բողոքում են՝ օրվա ընթացքում ծանրաբեռնված ժամերին մետրո չեն կարողանում նստել, երբեմն ստիպված են լինում բաց թողնել գնացքն ու սպասել հաջորդին:
Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն ասում է՝ լսել են դժգոհությունները, սակայն շարժակազմը համալրելու համար սարքին վագոններ պարզապես չունեն: Թե երբ կլուծվի նոր շարժակազմի հարցը, հայտնի չէ:
Սա միակ հարցը չէ. Մերտրոպոլիտենը վնասված ռելսերն ու վագոնների մաշված անիվները փոխելու խնդիր ունի, որ մինչ օրս չի կարողանում լուծել: Ավագանու վերջին գործակարգավարական նիստում Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակայնն ասաց՝ ավելի քան կես տարի է՝ կառավարությանը խնդրում են 600 միլիոն դրամ հատկացնել 4 կմ ռելսի և 32 անվազույգի համար:
Այսօր կառավարությունը որոշել է հատկացնել անհրաժեշտ 600 միլիոնը: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ գումարը տրամադրում են «քաղաքային զարգացում և Երևանում հանգստի գոտիների, այգիների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ» միջոցառման կատարման շրջանակներում արձանագրած տնտեսումների հաշվին:
Առավել մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.