Բլինքենը վերադառնում է Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը այցելելու է Իսրայել՝ վերահաստատելու ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին «Համաս»-ի դեմ պայքարում, ինչպես նաև քննարկելու Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը և հումանիտար օգնության տրամադրելու հարցերը։

Նա հանդիպելու է Իսրայելի վարչապետի Բենյամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Իսրայելից Բլինքենը մեկնելու է Հորդանան։

Պետքարտուղարի առաջիկա այցերի մասին հայտնել է նրա խոսնակ Մեթյու Միլլերը։

Սա մեկ ամսից էլ կարճ ժամանակահատվածում Բլինքենի երկրորդ այցն է Մերձավոր Արևելք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը ժամանել է Իսրայել

«Հյուրիթ դեյլի նյուսը», վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ նոյեմբերի 5-ին Բլինքենը կարճատև այց է կատարելու նաև Թուրքիա։ Հորդանանից ժամանելով Անկարա նա հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Ըստ թուրքական աղբյուրների՝ հանդիպմանը քննարկվելու է Իսրայելի ու Գազայի միջև պատերազմը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, որը Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել ու քվեարկել առաջիկա շաբաթների ընթացքում։

Պետդեպարտամենտը Բլինքենի Թուրքիայի այցը դեռևս չի հաստատել։ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ հետագա հայտարարությունները կարվեն առաջիկա օրերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարը նոյեմբերի 5-ին կայցելի Թուրքիա