Երեկ երեկոյան Ախուրյան համայնքի ծայրամասային թաղամասերից մեկում երեխաների խաղն ընդհատվել է «ՏԻՐ» տեսակի հրացանից արձակված կրակոցից, որի հետևանքով նույն թաղամասում ապրող 11-ամյա մի աղջիկ վիրավորում է ստացել ու տեղափոխվել նախ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց, ապա՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։
Այսօր երեկոյան հիվանդանոցը տեղեկացրեց, որ աղջկա վիճակը կայուն ծանր է գնահատվում.
«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով: Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին՝ փամփուշտ»:
Ախուրյանում դեպքի վայրն առանձնացված էր ոստիկանական ժապավենով։ «Ազատություն»-ն առանց տեսագրելու զրուցեց թե՛ 13-ամյա տղայի, թե՛ նրա հոր հետ։ Տղան ասաց, որ ընկերներից մեկն է տնից հրացանը բերել, մտածել են, թե խաղալիք է։ Կրակել է գետնին, որտեղից էլ հետհարված է եղել, ու փամփուշտը դիպել է աղջկա կրծքավանդակին։
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հրացանն առգրավվել և Քննչական է ներկայացվել։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի երկու՝ ապօրինի կերպով հրազեն պահելու և առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով։ Նախաքննություն է իրականացվում, նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ։
Այլ մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5