Սամվել Շահրամանյանի և արցախցի այլ պաշտոնյաների մասնակցությամբ փակ քննարկում Երևանում

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Երևանում կազմակերպված քննարկումից հետո առանձին ելքով դուրս եկավ՝ խուսափելով լրագրողների հետ շփումից, նա որևէ հարցի չէր պատասխանել նաև քննարկման մեկնարկին:

Դռնփակ քննարկումը նախաձեռնել էր երկու տարի առաջ ստեղծված «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը: Դրան Շահրամանյանից բացի մասնակցում էին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի իշխանության այլ ներկայացուցիչներ, մի քանի պատգամավորներ, Հայաստանից հասարակական գործիչներ: Թե ինչ է քննարկվել փակ դռների հետևում մի քանի ժամ, քննարկումից դուրս եկողներն առանձնապես չէին մանրամասնում՝ միայն ընդհանուր գծերով ներկայացնելով շոշափված խնդիրները: Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հեռանալիս միայն ասաց՝ հայկական Արցախի էջը փակված չի կարելի համարել:

«Տենց չի, որ մենք մի հանդիպման ժամանակ կոնկրետ արդյունք ենք ակնկալում, բայց կարծում եմ, այս խոսակցությունը սկսվել է և պետք է անպայման շարունակել», - նշեց նա:

Արդյոք իրավիճակի պատասխանատուների հարցն էր քննարկվում, թե հետագա անելիքները. Արթուր Հայրապետյանը, որ Արցախում սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար է եղել, ասաց՝ երկուսն էլ քննարկել են:

«Ե՛վ, և՛, բայց ավելի շատ առաջիկա քայլերի համար՝ ինչ անենք, որ կարողանանք հող պատրաստել, որպեսզի մի օր կարողանանք վերադառնալ մեր հայրենիք», - ասաց Հայրապետյանը:

Հավաքի մասնակիցները թեև փակ քննարկումից մանրամասներ չէին բացահայտում, բայց նշում էին՝ եկել են համաձայնության, որ իրենց ջանքերն ուղղելու են Արցախի պետականության կենսունակությունը վերադարձնելուն։ Չնայած Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրին, փաստաբան Արա Զոհրաբյանը պնդեց՝ Արցախի հանրապետությունը չի կարող լուծարվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ». Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել

«Դա իրավական ուժ չունի, չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը, չի կարող պետությունը լուծարել: Կգա դեկտեմբեր ամիսը, կտեսնենք», - ընդգծեց Զոհրաբյանը:

«Ոչ ոք չի կարող Արցախը լուծարել» ուղերձով քննարկումից դուրս եկավ նաև այս հավաքը նախաձեռնած Սուրեն Պետրոսյանը: Բայց նաև չմանրամասնեց՝ ինչ է լինելու Շահրամանյանի ստորագրած Արցախի լուծարման մասին հրամանագրի հետ, ու հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը մեկօրյա ռազմական հարձակումից հետո լիակատար վերահսկողություն է սահմանել Լեռնային Ղարաբաղում։

«Որևիցե մեկի կողմից չի կարող ուղղակի լուծարվել», - ասաց նա:

Լրագրողի հարցին՝ այսինքն չեղյալ պիտի համարվի՞, Պետրոսյանը պատասխանեց. - «Ենթադրում եմ, որ՝ այո»:

Իսկ արդյոք Ադրբեջանի հնարավոր արձագանքի ու սպառնալիքների գործոնը հաշվի առնվել է: Պետրոսյանն ադրբեջանական վտանգի օրակարգը կեղծ է համարում. - «Կարծում եմ՝ վտանգների առումով այդ օրակարգը բավականին կեղծ է, որովհետև ինչպես տեսնում եք, այս գործընթացը չի կազմակերպվում իշխանության կողմից և չկա որևիցե ուղիղ վտանգ, որ իշխանությունները որևիցե գործընթաց են իրականցնում, որի արդյունքում կամ որի հետևանքով կարող են տեղի ունենալ պատերազմական գործողություններ: Ավելի շատ հասարակության ինքնակազմակերպման արդյունքում է այս հանդիպումը տեղի ունեցել, և եթե մենք այդ տեսանկյունից նայենք, ապա մենք մշտապես պետք է վախենանք, որ որևիցե բան չպետք է ուղղակի կազմակերպել, որը պետք է ուղղակի տանի ազգային կամ պետական շահի կազմակերպմանը, որովհետև մենք պետք է վախենանք, որ Ադրբեջանը դրան շատ բացասական կարձագանքի»:

Թեև հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները Հայաստանի իշխանության հասցեին սուր քննադատություն էին հնչեցնում, սակայն նախաձեռնությունը ո՛չ իշխանափոխության, ո՛չ փողոցային պայքարի հարց չի քննարկում, շեշտեց Սուրեն Պետրոսյանը։

«Այս ֆորմատի շրջանակներում նման բան երբեք չի լինելու, ես ինչպես արդեն նշեցի մեր Արցախի հայրենակիցների գործոնը որևիցե կերպ չի կարելի դիտարկել նրա քաղաքակն պրոցեսներում՝ որպես ռեսուրս», - նշեց պետրոսյանը:

Նաև հատուկ ընդգծեց՝ այս ձևաչափը պետք չէ նույնականացնել, օրինակ, «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հետ», իրենք Արցախի տարածքի օկուպացիայի պայմաններում փորձում են պահպանել Արցախի ժողովրդի ստեղծած իրավակարգը:

«Հանկարծ չշփոթել Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության և մնացածի հետ, սա որևիցե աղերս չունի դրա հետ, իսկ որպես այդպիսին պետությունը գլոբալ առումով ունի երկու կոմպոնենտ, մեկը՝ հողն է, մյուսը՝ ժողովուրդը: Այս պահին օկուպացված է Արցախը, բայց Արցախի մեր հայրենակիցները կան, և Հայաստանի Հանրապետությունում համայնքը գոյություն ունի, այստեղ է նաև իրենց կողմից լեգիտիմ ընտրված իշխանությունը, և եթե մենք իրականում ուզում ենք պահպանել հավակնությունները և մեր իրավունքները Արցախի նկատմամբ, մենք այս երկրորդ կոմպոնենտը անպայմանորեն պետք է կարողանանք պահպանել, որովհետև Արցախի մեր հայրենակիցների հավաքական շահերի ներկայացնողը և նրանց հավակնությունների ամրագրողը ոչ միայն ներքին մակարդակում, այլ նաև արտաքին, դա այն իշխանությունն է, իրավական այն ֆորմատը, սահմանադրական այն կարգն է, որը կա», - ասաց Սուրեն Պետրոսյանը:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը օրերս տված հարցազրույցում հայտարարել էր, թե պետք է սկսեն քննարկել Արցախից տեղահանված քաղաքացիների վերադարձի հարցը։ Թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով պիտի վերադառնան արցախցիները, փակագծեր չէր բացել։