«Ուկրաինայում պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 9900 մարդ, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել»

Ռամեշ Ռաջասինգհամը, արխիվ

Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույց է ներկայացրել մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համակարգման գրասենյակը:

«Պատերազմի ընթացքում ավելի քան 9900 խաղաղ բնակիչ է զոհվել: Սա հավասարազոր է ամեն օր 16 խաղաղ բնակիչների սպանության: Սա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տրամադրության տակ եղած պաշտոնապես հաստատված հին տվյալ է, և թարմացվելու պարագայում թիվը հաստատ ավելի բարձր կլինի», - ասել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգման գրասենյակի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհամը:

Նա նշել է նաև, թե կան ողջամիտ հիմքեր եզրակացնելու, որ ռուսներն են հրթիռով հարվածել Հրոզա ուկրաինական գյուղի սրճարանին, ինչի հետևանքով 59 մարդ է սպանվել:

Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի ներկայացուցիչների երկու փաստահավաք առաքելությունների կատարած աշխատանքի արդյունքները: