Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման հավանականություն է տեսնում․ ինստիտուտը կարմիր՝ ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել։
Ընդգծելով, որ Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները՝ Լեմկինի ինստիտուտը Ադրբեջանի հավանական ներխուժումը ցեղասպանության վերածվելու մեծ ռիսկ է տեսնում։
Դիմելով աշխարհին ինստիտուտը հիշեցնում է՝ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում, ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վերջին բռնազավթման ժամանակ, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության և բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ոչնչացմանը։
Նշելով, որ թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս հեռու են մնացել Սյունիքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից, այնուամենայնիվ, ըստ հայտարարության, անհանգստանալու մի քանի պատճառ կա։
«Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրեց հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն իր հայացքն ուղղեց Հայաստանի ամենահարավային՝ Սյունիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածք՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան», - նշել է Ինստիտուտը՝ հիշեցնելով՝ հոկտեմբերի 6-ին ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի զգուշացումը, որ եթե կոշտ քայլեր չձեռնարկվեն, ադրբեջանական ներխուժումը շաբաթների հարց է, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հոկտեմբերի 5-ին զգուշացումը ամերիկացի օրենսդիրների խմբին նմանատիպ սպառնալիքների մասին, հոկտեմբերի 7-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի տարածք ներխուժելու սպառնալիքը՝ «8 ութ չճշտված գյուղերի պահանջով», նաև Ալիևի այն հայտարարությունը, որ եթե տարածաշրջանում «նոր հակամարտություններ ծագեն, դա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մեղքով»՝ Մակրոնին մեղադրելով «նեոգաղութատիրության» մեջ՝ Հայաստանի անվտանգությանն աջակցելու համար»։
«Ամենասարսափելին այն է, որ Ադրբեջանը սկսել է ռազմական ուժեր կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, ներառյալ Նախիջևանի անկլավում (որը սահմանակից է Թուրքիային): Անցյալ շաբաթ Ադրբեջանը նույնպես սկսեց Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների շարքը, ինչպես դա արեց 2020 թվականի սեպտեմբերին Արցախ/Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց մի քանի շաբաթ առաջ: Այս կարմիր դրոշները հուշում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ներխուժման՝ միաժամանակ փորձելով վախեցնել Հայաստանին, որպեսզի վերջինս զիջի տարածքներ և միջանցքի իրավունքները՝ այդպիսով փորձելով խուսափել ներխուժումից», - ասվում է հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, նոր քայլեր անում