Սաուդյան Արաբիան՝ 2034-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման միակ հավակնորդ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադը, 31-ը հոկտեմբերի, 2023թ.

Սաուդյան Արաբիան մնում է միակ երկիրը, որը ցանկանում է անցկացնել 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ավստրալիան երեկ հրաժարվել է այդ մտադրությունից, և ենթադրվում է, որ Էր-Ռիյադի հայտը կհաստատվի:

Ավստրալիայի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է, որ աշխարհի առաջնության փոխարեն առավել նպատակահարմար է կենտրոնանալ 2026 թվականի կանանց Ասիայի գավաթի և 2029 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության անցկացման վրա:

Ֆուտբոլի աշխարհի 2026-ի առաջնությունը համատեղ պետք է անցկացնեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Կանադան։

Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան համատեղ կհյուրընկալեն 2030 թվականի աշխարհի առաջնությունը, ընդ որում մի քանի հանդիպումներ տեղի կունենան Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում:

ՖԻՖԱ-ն ավելի վաղ հայտարարել է, որ 2034 թվականի աշխարհի առաջնությունը կարող է կայանալ կա՛մ Ասիայում, կա՛մ Օվկիանիայում: Ուստի Ավստրալիան էր համարվում Սաուդյան Արաբիայի միակ մրցակիցը:

Վերլուծաբանները, միաժամանակ, նշում են, որ Սաուդյան Արաբիան բազմիցս մեղադրվել է մարդու իրավունքների ոտնահարման համար: 2022 թվականին միայն մեկ օրում այդ երկրում մահապատժի է ենթարկվել 81 մարդ:

Էր-Ռիյադը քննադատության է ենթարկվում նաև կանանց իրավունքները ճնշելու, միասեռականության քրեականացման, խոսքի ազատության սահմանափակումների և Եմենի պատերազմին մասնակցելու համար:

2018 թվականին Սաուդյան Արաբիայի հեղինակությունն էապես տուժել է Ստամբուլում երկրի հյուպատոսության շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունից հետո։

Սաուդյան Արաբիան հսկայական գումարներ է ծախսում սպորտի միջոցով վարկանիշը բարձրացնելու համար և հյուրընկալել է մի քանի խոշոր սպորտային միջոցառումներ, այդ թվում՝ «Ֆորմուլա 1»-ը, գոլֆի և բռնցքամարտի մրցաշարեր։

Այս տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը։

Սաուդյան Արաբիայի բարձրագույն լիգայում մեծ հոնորարներով այժմ խաղում են Կրիշտիանու Ռոնալդուն, Քարիմ Բենզեման, Նեյմարը և աշխարհահռչակ այլ ֆուտբոլիստներ: