Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է Իտալիայի իր պաշտոնակից ադմիրալ Ջուզեպե Քավո Դրագոնիի հետ։
Արարողակարգային միջոցառումներից հետո նրանք առանձնազրույց են ունեցել, բանակցությունները շարունակվել են նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով։
Քերիմ Վելիևը մանրամասն ներկայացրել է 2020-ին և 2023-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի հաղթանակները։
Անդրադառնալով բանակի բարեփոխումներին՝ նա նշել է նոր տեխնոլոգիաների ու կիբերանվտանգության միջոցների կարևորությունը։
Հանդիպմանը նշվել է, որ անհրաժեշտ է շարունակել Ադրբեջանի ու Իտալիայի միջև ռազմական համագործակցությունը՝ հիմնված ռազմավարական գործընկերության վրա։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Անցած հունիսին հաղորդվել էր, որ Ադրբեջանը Իտալիայից ռազմատրանսպորտային օդանավեր է գնել։