Իշխանական պատգամավորները հորդորում են իրավապահ մարմիններին կոշտացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը՝ առաջարկելով ընդհուպ դպրոցներում ու նաև տանը անչափահասներին ստուգել հատուկ թեստերի միջոցով։
Նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ներքին գործերի նախարարին առաջարկեց, որ ոստիկանությունն այս թեմայով աշխատի անչափահասների ծնողների հետ:
«Թող ծնողները գնեն էդ թեստերը ու իրենց երեխաներին ամիսը մեկ անգամ, երկու ամիսը մեկ անգամ, հատկապես տղա երեխաներին, էդ թեստերով փորձեն ստուգեն հասկանան՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է անչափահասի կյանքում, թե՞՝ չէ: Որովհետև ինչքան էլ մենք ասենք՝ ոստիկանությունը պիտի բռնի, պիտի բռնի, բայց եթե մենք անչափահասների շրջանում արդեն տարածում ունենք, ոստիկանությունը էդտեղ շատ մեծ դեր չի կարողանալու խաղալ: Ծնողական վերահսկողությունը հենց առաջնային պետք է լինի», - ասաց Ալեքսանյանը:
Առաջարկ հնչեց նաև, որ իրավապահները դպրոցներում տարին մեկ-երկու անգամ անչափահասների շրջանում ստուգեն թմրանյութերի օգտագործման առկայությունը:
«Կարծում եմ՝ ստեղ անվտանգային խնդիր էլ կա, որովհետև դպրոցականները եթե եղան դրա մեջ, էդ ամենի մեջ, վաղը-մյուս օր դրա մեջ լինելով իրանք ոչ կարան գիտնական դառնան, ոչ կարան ֆիզիկոս դառնան, ոչ կարան մասնագետ դառնան, իրանք, կարելի ա ասել, գնում են դեպի կործանման ճանապարհով: Իսկ տարի մի անգամ գոնե մինչև 18 տարեկանների թեստավորման արդյունքում համ ծնողները կարող են իմանալ, կամ ինչ-որ պատժիչ միջոցներ կիրառվի», - ասաց ՔՊ-ից Հայկ Սարգսյանը:
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ողջունեց պատգամավորների բոլոր առաջարկները, նշելով, թե ինքն էլ կողմ է, որ կրկին քրեականացվի թմրանյութերի օգտագործումը, որն այժմ միայն վարչական պատասխանատվություն է ենթադրում:
«Միանշանակ կիսում եմ ձեզ հետ և համամիտ եմ, որ պիտի ավելի սանկցիաները խստացվի, ընդհուպ՝ պահելու մեջ խստացնենք: Ես հիշում եմ՝ մինչև 12 թիվն էր թե որ թիվն էր՝ նաև օգտագործելն էր քրեական, հիմա դրանից հետո կապաքրեականացվեր և դառնար վարչական: Ինչքան խստացնենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի սանկցիաները, բնական է՝ թվերը կնվազեն», - ընդգծեց Ղազարյանը:
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է անակնկալ ստուգել նաև ուժայիններին և իրավապահներին
Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի հեռուն գնաց՝ շեշտելով, որ պետք է անակնկալ ստուգվեն նաև իրավապահ և ուժային մարմինների աշխատակիցները. - «Աշխարհում շատ երկրներում ընդունված է անակնկալ թեստավորումը, հատկապես՝ զինված ուժերում, նաև՝ ուժային կառույցներում: Մի հատ ստուգենք՝ անակնկալ, նախարարի որոշումով, ոչ մեկը չգիտի, վաղը բոլորս թեստ ենք [...], մի հատ տեսնենք՝ մեր բռնողների շարքերում կամ ծառայողների շարքերո՞ւմ ինչ վիճակ է: Որովհետև զորակոչի ընթացքում մենք էդպիսի բան արձանագրեցինք, որ դա արդեն շատ, մեզ մտահոգիչ էր»:
«Ինչ վերաբերում է, պարոն Քոչարյան, մեր մոտ, մեր համակարգում, ուրեմն, չեմ ուզում թաքցնեմ՝ մենք ունենք արդեն մի քանի դեպքեր, որ իրենց մոտ հայտնաբերվել է թմրանյութ, երկու դեպք», - արձագանքեց ՆԳ նախարարը:
«Պարոն Ղազարյան, դուք նաև վերջերս բռնեցիք մի ամբողջ պրոռեկտորի և ամբիոնի վարիչի: Էնպես որ, էստեղ խնդիր է, համատարած: Ուզում եմ ասեմ՝ անակնկալ թեստավորումները բոլորիս է պետք, նաև էդ մարդկանց փրկելու համար», - ասաց Քոչարյանը:
Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում կտրուկ աճել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը՝ ավելի քան 2 հազարով։
Թե ինչպես են օրենսդիրներն առաջիկայում փորձելու կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության օրեցօր աճող թվերը, հստակ չէ, առաջարկները մշակման փուլում են։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի ղեկավար Սուրեն Նազինյանը, մինչդեռ, նշում է, որ առաջնահերթ դպրոցների բարձր դասարանների աշակերտներին պետք է պարզ ու մատչելի բացատրել թմրամիջոցների վտանգները: Ոչ թե ասել չի կարելի, այլ տեղեկացնել, որ դրանց անգամ մեկանգամյա օգտագործումը կարող է կործանարար լինել։ Մասնագետն ընդգծում է՝ հատկապես հոգեխթանիչ թմրանյութները, մասնավորապես՝ մետամֆետամինները, տարածված են հենց դեռահասների և երիտասարդների շրջանում։
«Ինչ վերաբերում է թեստավորմանը դպրոցներում, ինքը, իհարկե, որոշակի կանխարգելիչ ազդեցություն կունենա, բայց մեկ է, էլի ամենակարևորը գիտելիքներն են, այսինքն՝ թմրամիջոցների կործանարար հատկությունների վերաբերյալ հիմնավոր գիտելիքները, որ, օրինակ, թմրամիջոցի անգամ մեկանգամյա գործածումը կարող է, օրինակ, մահվան ելքով ավարտվի գերդոզավորմամբ, կամ որ ներկայումս տարածված թմրամիջոցների գործածման դեպքում՝ մեկ, երկու, երեք գործածման դեպքում կարող է առաջանալ ծանր կախվածության համախտանիշ երիտասարդի մոտ, անդառնալի փոփոխություններ հոգեախտաբանական բնույթի և այլն: Այսինքն, այ այս կարգի գիտելիքներ է պետք տրամադրել դեռահասներին, որ իրենք ուղղակի չփորձեն ընդհանրապես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազինյանը:
Այս տարվա հունվար 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է թմրամիջոցներ գործածող 7 հազար 854 անձ, 570-ն այս պահին բուժում է ստանում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Կենտրոնի ղեկավարը ցավով արձանագրում է՝ այս տարի առաջին անգամ իրենց կենտրոն են դիմել 16 տարեկան երկու աղջիկներ, Նազինյանն ասում է՝ նման բան իրենց կենտրոնի պատմության ընթացքում դեռ չէր եղել։
Ի դեպ, պետական տարբեր գերատեսչությունների՝ այդ թվում Առողջապահության նախարարության և Ոստիկանության մասնակցությամբ շարունակվում է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ազգային ռազմավարության մշակումը։ Հստակ չէ, սակայն, թե այն երբ պատրաստ կլինի ու կիրառության մեջ կմտնի։
Your browser doesn’t support HTML5