Իսրայելական բանակը Գազայի հատվածում երկրորդ գիշերային հարձակումն է իրականացրել։ Ըստ ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության, գրոհին մասնակցել են հետևակային, ինժեներական և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու սարքեր և մարտական ուղղաթիռներ։
Իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է բացառապես «Համաս» խմբավորման թիրախներին, այդ թվում՝ հրթիռների արձակման և հրամանատարական կենտրոնների ուղղությամբ։ Նախօրեին Մոսկվա ժամանած «Համաս»-ի պատվիրակության ներկայացուցիչը «Կոմերսանտ» թերթին ասել էր, որ խմբավորմանը «հանգիստ միջավայր» է պետք՝ գերիներին գտնելու և ազատելու համար։
Աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորումը շարունակում է գերության մեջ պահել ավելի քան 200 իսրայելցու։ «Կոմերսանտ»-ի զրուցակիցն ասել է, որ խմբավորումը համաձայնել է անհապաղ ազատ արձակել քաղաքացիական գերիներին, սակայն նրանց դեռ պետք է գտնել։ Նրա խոսքով՝ պատանդները պաղեստինյան տարբեր խմբավորումների մոտ են, և «ժամանակ կպահանջվի նրանց Գազայի հատվածում գտնելու և ազատ արձակելու համար»։
«Համաս»-ի ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով արդեն հիսուն բանտարկյալ է մահացել։ Կողմերի վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելում «Համաս»-ի զինված հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1400 մարդ։ «Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածում զոհերի թիվն անցնում է 5 հազարից։ Երկու կողմից վիրավորների թիվը մոտենում է քսան հազարի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելցիները «վնասազերծել» են «Համաս»-ի հետախուզության ղեկավարներից մեկին