Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարարը

Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է Արտգործնախարարությունը։

Նախատեսված է երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Երկար դադարից հետո Հայաստանն ու Հունգարիան երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են վերսկսել, ամռանը հանդիպել էին երկու երկրների նախագահները, օրերս Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարարն ու ՀՀ փոխարտգործնախարարը։

Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։

Բուդապեշտի ու Երևանի հարաբերություններում որոշակի շարժ նկատվեց 2021 թվականին, երբ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի վերադարձավ տուն, բացի այդ, Հունգարիան քովիդի ընթացքում Հայաստանին 100 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրեց։

Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին Հայաստանն ու Հունգարիան անցած տարի դեկտեմբերի սկզբին հայտարարեցին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ընդգծել էր, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է, սակայն պետք է առաջ շարժվել։

Մայիսին էլ Հայաստանում Հունգարիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց փոխարտգործնախարարին: