Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը երեկ կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ «Ռուսաստանի դեմ հայկական լրատվամիջոցների օդիոզ հրապարակումների առիթով», այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Կրեմլն էլ, իր հերթին, հայտարարել է, թե պարզաբանումներ է ակնկալում Երևանից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի վերաբերյալ։
Վարչապետը ամերիկյան WSJ-ի հետ զրույցում խոսել էր դաշնակիցների փնտրտուքից ու հարցականի տակ դրել Հայաստանում տեղակայված ռուսական բազայի նպատակահարմարությունը։
«Մենք հակված չենք The Wall Street Journal-ին ընկալել որպես աղբյուր, այնպես որ դեռ պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին էր նա խոսում։ Հուսով ենք, որ պարոն Փաշինյանի, և, իհարկե, մեր հայ բարեկամների հետ շփումներում, կստանանք ողջ տեղեկատվությունն այս հարցի վերաբերյալ», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը, սակայն, արդեն պարզել է՝ Հայաստանի իշխանություններին սադրում են արևմտյան լրատվական գործակալությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անվտանգային բաղադրիչների փնտրտուք», «երկիրը վտանգի տակ դնել». արձագանքներ Փաշինյանի հայտարարություններին
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն նստում պաշտոնական Երևանի ներկայացուցիչների ականջին՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Ցավոք, նման սադրանքները տեղ են հասնում, մեզ էլ հաճախ սադրիչ հարցեր են տալիս, մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ շփումներում», - նշել է Մարիա Զախարովան։
Նա կրկին շեշտել է, թե Ռուսաստանը հայկական տնտեսության հիմնական ներդրողն է, և որ ռուսական շուրջ չորսուկես հազար ընկերություն է աշխատում Հայաստանում, որոնք ամենախոշոր հարկատուներն են։ Ռուս սահմանապահներն էլ, նրա խոսքով պահանջված են Հայաստանում, քանի որ Երևանը չի կարգավորել հարաբերությունները հարևանների հետ. - «Մեր սահմանապահները կանխում են հայ-թուրքական սահմանի չարտոնված հատումը, մաքսանենգ ապրանքների տեղափոխումը հայ-իրանական սահմանով»։
Ինչ վերաբերում է քննադատությանը ռուս խաղաղապահների հասցեին, որոնց ներկայությամբ Արցախը մի քանի օրում գրեթե ամբողջությամբ հայաթափվեց, Զախարովան պնդել է՝ եթե նրանք չլինեին, ավելի վատ կլիներ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել՝ այդ դեպքում ինչու էին խաղաղապահները Ղարաբաղում տեղակայվել։
«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահներին, ապա եթե նրանք չլինեին, զարգացումները 2020 թվականի աշնանից սկսած ավելի դրամատիկ կլինեին Երևանի համար, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը հրապարակավ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում», - ասել է նա։
Այս ամսվա սկզբին թուրք լրագրողներից մեկը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակից հետաքրքրվել էր՝ կմնա՞ արդյոք ռուսական բազան Հայաստանում՝ հայ-ռուսական խորացող լարվածության ֆոնին։ Զախարովան հիշեցրել էր՝ Միջպետական համաձայնագրով Գյումրիի ռազմակայանը հայ-թուրքական սահմանին է տեղակայվել մինչև 2044 թվականը, և որ այդ փաստաթուղթը դեռ որևէ մեկը չի չեղարկել։
Այսօր Ռուսաստանը ռազմական բազաներ ունի Հայաստանում, Սիրիայում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում ու Ղրղզստանում, ինչպես նաև ռազմական ներկայություն Ղարաբաղում, Ուկրաինայի բռնակցված շրջաններում, Հարավային Օսիայում, Աբխազիայում ու Մերձդնեստրում։
Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ նաև Ռուսաստանն է մեղավոր, որ այսօր Հայաստանում ռուսական ռազմակայանը հանելու հարցը օրակարգ է մտել։
«Ռուսաստանը խաղաղապահներ բերեց, բայց չօգտագործեց նրանց, երբ Ադրբեջանը խախտումներ թույլ տվեց և արգելափակեց Լաչինի միջանցքը։ Հիմա Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից», - նշել է նա։
Պաշտոնական Մոսկվան, մինչդեռ, վստահությամբ պնդում է, թե շարունակում է շփումները հայկական կողմի հետ, ինչպես նաև միջնորդությունը Բաքվի և Երևանի միջև՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
«Մենք դա անելու ենք հետագայում, մենք ունենք շատ ծավալուն օրակարգ», - ասել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին ՀՀ որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն. վարչապետ
Երկկողմ պաշտոնական հաղորդագրություններում, սակայն, ուղիղ շփումների մասին որևէ բառ չկա։ Շաբաթվա սկզբին, օրինակ, Հայաստանի արտգործնախարարը Թեհրանում՝ «3+3» ձևաչափով բանակցություններում, հանդիպել էր Իրանի նախագահի, Թուրքիայի արտգործնախարարի, ոչ ֆորմալ զրույց ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների մասին, սակայն, չի հաղորդվել։ Զուգահեռ նախօրեին Մոսկվան հայտարարեց, թե հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Դա Բայրամով-Լավրով երկրորդ հեռախոսազրույցն էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Հայաստանի գործընկերոջ հետ Սերգեյ Լավրովի հնարավոր զրույցի ու շփումների մասին հաղորդումներ չեն եղել:
Այսօր Մարիա Զախարովան շեշտել է՝ մոսկովյան հարթակից հրաժարվում է Երևանը։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, Մոսկվան պատրաստ է և արտգործնախարարների, և առաջին դեմքերի եռակողմ հանդիպումներ կազմակերպել։