Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի, WSJ-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում։
Լրագրողի հարցին, թե այդ երթևեկությունը կառավարելու գործում Ռուսաստանի ԱԴԾ-ն պե՞տք է դերակատարում ունենա, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն կարող են այդ հարցը լուծել, վարչապետ Փաշինյանն արձագանքել է՝ արձանագրելով, որ որևէ տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնության որևէ մարմին Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն:
«Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն», - ընդգծել է նա։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում։
«Փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը: Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում, բայց մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի սահմանափակման մասին որևէ տեղ երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ», - նշել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա:
Նրա խոսքով՝ դրա արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները կարող են Նախիջևանի հետ տրանսպորտային կապ ունենալ, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, և Հայաստանն էլ այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջև, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար:
«Մենք այս առաջարկն անում ենք, մենք այս լուծմանը պատրաստ ենք և այդ առաջարկն անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ» և հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին միասին իրականություն դարձնել այդ նախագիծը», - ասել է ՀՀ ղեկավարը: