Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել իր դաշնակցային պարտավորությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ, WSJ-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս իրադարձությունները մեզ հանգեցրին որոշման, որ կարիք ունենք դիվերսիֆիկացնել մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում, և հիմա փորձում ենք դա անել», - ասել է Հայաստանի վարչապետը, հավելելով, թե նույն այդ պատճառով ինքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակվող ներկայության մեջ որևէ առավելություն չի տեսնում։
Ամերիկյան պարբերականը փաստում է, որ «դժվարին դրությունը, որում հայտնվել է Հայաստանը, գնալով ավելի է մտահոգում Միացյալ Նահանգներին ու արևմտյան դաշնակիցներին»։
«Եվրասիայով ձգվող անկայունությունների երկար շարանում այս տարածաշրջանը թվում է պայթունավտանգ ևս մեկ կետ», - գրում է WSJ-ը, հավելելով՝ «Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում աճող մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը՝ թուրքական աջակցությամբ և Ռուսաստանի մեղսակցությամբ, մոտակա ամիսներին կարող է փորձել գրավել Հայաստանը կամ դրա մի մասը՝ ցամաքային կամուրջ ստեղծելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Զուգահեռ, անհանգստացնող է, որ Ռուսաստանը կարող է ծրագրել հեղաշրջում՝ Հայաստանի ղեկավարին պաշտոնանկ անելու համար»:
Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ վերջին շաբաթներին Մոսկվան անցել է հրապարակային կշտամբանքների ու սպառնալիքների այն բանից հետո, երբ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, վարչապետն էլ Եվրախորհրդարանում քննադատեց Ռուսաստանի անգործությունը Հայաստանի ու արցախահայերի անվտանգությունը պաշտպանելու հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել․ Փաշինյան
Արձագանքելով հարցին, թե արդյո՞ք իրեն մտահոգում են նման հայտարարությունները և մտավախություն չունի՞, որ Մոսկվան կարող է իրեն հեռացնել իշխանությունից, Փաշինյանը վրդովմունքը չի թաքցրել։
«Նման մոտեցումը խախտում է բազմաթիվ կանոններ՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելուց և դիվանագիտական կոռեկտությունից սկսած», - ասել է նա։
Չնայած այսօր հայտարարվեց, որ Ադրբեջանը հրաժարվել է ամսվա վերջին Բրյուսելում նախատեսվող հանդիպումից, Հայաստանի վարչապետը պնդել է, թե մնում է լավատես՝ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքելու հարցում։
«Տարածաշրջանի ապագան պետք է լինի տևական ժամանակ փակ սահմանների ու առևտրային ուղիների, այդ թվում՝ Թուրքիան ու Ադրբեջանը կապող ճանապարհի բացումը, եթե այն հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Անվտանգությունը պետք է ձեռք բերվի ոչ միայն բանակով, այլև տարածաշրջանային խաղաղությամբ», - ասել է նա։
Պատասխանելով Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հորդորել է դրա փոխարեն կենտրոնանալ «թյուրքական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շատ ավելի երկար պատմության վրա»։
«Այստեղ են բոլոր հարցերը, և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները», - ասել է Փաշինյանը, հավելելով. - «Մենք պետք է նախ աշխատենք բարելավել տարածաշրջանային մեր հարաբերությունները»։
Ավելին, Փաշինյանն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու, նոր դաշնակիցներ գտնելու Երևանի ջանքերը պետք է դիտարկել ոչ թե զուտ որպես արևմտյան բազաների ու զենքի խնդրանք, այլ՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության ձգտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարվածության նոր փուլ հայ-ռուսական հարաբերություններում