«Գնացեք հարավ, այնտեղ կա օգնություն, դեղորայք, ջուր»
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի պաղեստինցիներին կոչ է անում անհապաղ տեղափոխվել հատվածի հարավային մաս և ապաստանել այնտեղ, խոստանալով, որ պատերազմի ավարտից հետո բոլորը կկարողանան վերադառնալ իրենց տներ:
Կոչը հասցեագրվում է նախևառաջ Գազա քաղաքի բնակիչներին: «Գնացեք հարավ, այնտեղ կա մարդասիրական օգնություն, դեղորայք և ջուր»,- ասել է բանակի խոսնակ, փոխծովակալ Դանիել Հագարին:
Հրամանատարները հավատացնում են, որ պատրաստ են սկսել ցամաքային գործողությունը և միայն պետության քաղաքական ղեկավարների հրամանին են սպասում:
«Հրահանգները գալիս են մեկ կենտրոնից՝ Իրանից»
Փոխծովակալը հայտարարել է, որ տարածաշրջանում՝ Եմենում, Իրաքում և Լիբանանում, զինյալներն իրենց հրահանգները Թեհրանից են ստանում: Նրա խոսքով, դրա մասին են վկայում իսրայելցիների և ամերիկացիների համատեղ մշտադիտարկման արդյունքները:
«Իրանը պատերազմից առաջ ուղղակիորեն է օգնել «Համաս»-ին՝ վարժանքներով, զենքի մատակարարումով, փողով, տեխնոլոգիաներով: Եվ նույնիսկ այս պահին է շարունակվում իրանական օգնությունը «Համաս»-ին՝ հետախուզական տվյալների տրամադրմամբ, հրահրելով, ամբողջ աշխարհում Իսրայելի պետության դեմ լուտանքներ տարածելով: Մերձավոր Արևելքում Իրանի գործակալներն աշխատում են Իրաքում, Եմենում և Լիբանանում: Հրահանգները գալիս են մեկ կենտրոնից՝ Իրանից»,- ասել է Հագարին:
Փոխծովակալի խոսքով, պետք է բացահայտել բոլոր նրանց, ովքեր «Համաս»-ին, «Իսլամական պետությանը» և նման այլ հանցագործներին դրդում են ապակայունացնել Մերձավոր Արևելքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը սատարող այցով ժամանել է Իսրայել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ԱԳ նախարար. «Չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ»
«Տեսեք՝ անմեղ մարդիկ են կոտորվել»
Գազայում այս օրերին իսկապես անտանելի պայմաններ են: Օդային գրոհները սաստկանում են։
«Մենք տանն էինք, մեկ էլ մեզ վրա թափվեցին ռումբերը, դա մեկ հրթիռ չէր, դրանք շատ էին: Նման բան երբևէ չէր եղել: Տեսեք, ոչինչ չի մնացել, զոհվել են, անմեղ մարդիկ են կոտորվել, երեխաներ, կանայք, սա է Իսրայելի նպատակը՝ սպանել անմեղ կանանց և երեխաներին»,- ասել է Գազայի բնակիչ Խեդր Օդեհը:
Մարդկանց երբեմն նաև փրկում են: Աբու Աքվայի ընտանիքը օդային հարվածից հետո մնացել է ավերակների տակ: Առաջին հարցը, որըն Աբու Աքվան տվել է փրկարարներին, սա է՝ «Կինս, Ահմեդը, Հալան, Ամոլան, ո՞ղջ են»:
«Այո, բոլորին հանեցինք, բոլորը լավ են, դու մնացիր, հիմա էլ քեզ դուրս կհանենք», - պատասխանել է փրկարարը:
Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 8 հազարին
Բայց ոչ բոլորի բախտն է բերում: Պաղեստինյան առողջապահական կառույցների տվյալներով, հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմի ընթացքում այսօրվա դրությամբ սպանվել է առնվազն 6546 մարդ, այդ թվում՝ 2704 երեխա, 1584 կին և 364 տարեց, վիրավորվել է ավելի քան 17 հազար 430 բնակիչ:
Իսրայելցիների զոհերի թիվը մոտ 1400 է, բացի այդ, կա ավելի քան 200 իսրայելցի պատանդ: Միջազգային լիդերները քննարկում են պատերազմն արագ ավարտելու հնարավորությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քիրբի. «ԱՄՆ-ը ռազմական խորհրդատուներ է ուղարկել Իսրայել»Երեկվանից Մերձավոր Արևելքում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն, ով այսօր Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գերտերությունները մեկ-մեկու բանաձևերն են մերժում: Իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն ի նշան բողոքի երեկ ասել է, թե չի հանդիպի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, քանի որ ՄԱԿ-ը միանշանակ և անվերապահորեեն չի դատապարտում «Համաս»-ի գործողությունները:
Իսրայելի գործողությունը՝ «հոգեկան հիվանդների արարք»
Ակտիվացնում են ջանքերը նաև տարածաշրջանային տերությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե «Համաս»-ը չի համարվում ահաբեկչական կազմակերպություն, քանի որ ընդամենը պաշտպանում է պաղեստինցիներին:
«Նրանք ոչ թե ահաբեկիչների, այլ պաղեստինյան հողն ազատագրողների խումբ են»,- ասել է Էրդողանն ու ավելացրել, որ չեղարկում է Իսրայել կատարելիք բարի կամքի այցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնրիկուս. «Ցամաքային օպերացիա չի լինի, եթե «Համաս»-ն ազատի պատանդներին և հանձնվի»Էրդողանն այսօր խորհրդարանում Իսրայելի գործողություններն անվանել է հոգեկան հիվանդների արարք:
Այս հայտարարությունն անխուսափելիորեն նոր ճգնաժամ կառաջացնի թուրք-իսրայելյան հարաբերություններում, սակայն Իսրայելի լիդերներին գոնե այս պահին դա քիչ է անհանգստացնում:
Ավելի հրատապ է ուրվագծվող վտանգը՝ Լիբանանում դիրքավորված «Հըզբոլլահի» դեմ երկրորդ ճակատի հնարավոր բացումը:
Դա չափազանց ծանր կացություն կստեղծի հրեական պետության համար, թեպետ բանակը հավատացնում է, որ պատրաստ է դիմագրավել նաև այդ մարտահրավերը: