Հանրապետական Մայք Ջոնսոնը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի նոր թեկնածու

ԱՄՆ - Հանրապետական կոնգրեսական Մայք Ջոնսոնը, Վաշինգտոն, 24-ը հոկտեմբերի, 2023Թ.

51-ամյա հանրապետական կոնգրեսական Մայք Ջոնսոնը՝ Լուիզիանա նահանգից, կուսակիցների կողմից առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի նոր թեկնածու, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

Երեկ երեկոյան անցկացված քվեարկության արդյունքներով՝ Ջոնսոնի առաջադրման օգտին են ձայն տվել հանրապետական կոնգրեսականների մեծ մասը՝ 128-ը: Խոսնակ ընտրվելու համար թեկնածուն պետք է Ներկայացուցիչների պալատում ստանա առնվազն 217 քվե: Պալատի 435 տեղերից 2-ն այս պահին թափուր են, 221-ը զբաղեցնում են հանրապետականները, և խոսնակ ընտրվելու համար Ջոնսոնին հարկ կլինի հաղթահարել ներկուսակցական պառակտումը:

Մինեսոտայից ընտրված կոնգրեսական Թոմ Էմերը, որին հանրապետականները երեկ ավելի վաղ էին առաջադրել Ներկայացուցիչների տան խոսնակի թեկնածու, որոշել է դուրս գալ ընտրապայքարից:

Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը թափուր է այս ամսվա սկզբից, երբ պաշտոնանկ արվեց Քևին ՄըքՔարթին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակը պաշտոնանկ արվեց