Վանաձորի ավագանին, համայնքապետարանն ու կառավարությունն անգործություն են ցուցաբերում, համոզված է ՏԻՄ փորձագետ Վարդինե Գրիգորյանը։ Ասում է՝ ավագանին դեռ մեկ ամիս առաջ պետք է, որ համայնքի ղեկավար ընտրեր։
Երկու տարի առաջ դատարանը պարտավորեցրել էր Վանաձորի ավագանուն նիստեր չանցկացնել ու Վանաձորի համայնքի ղեկավար չընտրել, մինչ դատարանը կքննի ընտրությունների արդյունքները վիճարկող «Լուսավոր Հայաստանի» հայցը։ Սեպտեմբերի 1-ին վճռաբեկ դատարանն ի վերջո կայացրել է երկար սպասված վճիռը 2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ։ Մերժել է ավագանիում մանդատ չստացած կուսակցության բողոքն ու ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողել։ Սա ենթադրում էր որ, որ վերացված է նաև արգելանքը, որով ավագանին իրավունք չուներ նիստեր գումարել ու համայնքի ղեկավար ընտրել։ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը վարչապետի նշանակած պաշտոնակատարն է ղեկավարում։
ՏԻՄ փորձագետ Վարդինե Գրիգորյանն ասում է՝ հստակ է, որ ավագանու նկատմամբ արգելանքը պահպանվում էր մինչև այս վճռի կայացումը։ Ուստի պետք է, որ օրենքի ուժով արգելանքի իմաստն ու վավերականությունը վերանար ու թույլատրվեր նիստեր անցկացնել։
Այսօր թե՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ու թե՛ Վանաձորի համայնքապետարանից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ։ Այս պահին որևէ ասելիք չկա, հարցը չի քննարկվում, նշեցին այս կառույցների մամուլի խոսնակները։
Մանրամասները կարող եք լսել այստեղ.
Your browser doesn’t support HTML5