Հավանական է, որ Բաքուն փոքրածավալ ներխուժումներով փորձի միջանցքի բացումը պարտադրել Հայաստանին. Stratfor

ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հեղինակավոր վերլուծական կենտրոնը գնահատում է Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու հավանականությունը:

Առավել հնարավոր են փոքրածավալ ներխուժումներ

Stratfor-ի վերլուծաբանները կազմել են զեկույց մի թեմայով, որը գտնվում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի քաղաքական վերնախավերի ուշադրության կենտրոնում:

Կարելի է ենթադրել, որ նախօրեին Թեհրանում այդ հինգ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այս կամ այն եղանակով խոսել են Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանի էքսկլավի ու հետևաբար՝ Թուրքիայի հետ կապող ճանապարհի շահագործման մասին:

Բաքվում և Անկարայում այն անվանում են «Զանգեզուրի միջանցք», Ռուսաստանում այն երբեմն անվանում են «Սյունիքի միջանցք»: Ադբրեջանցիները և թուրքերը պահանջում են այն բացել, պնդելով, թե հայերն, իբր, նման խոստում են տվել: Հայկական կողմը դա մերժում է:

Իլհամ Ալիևը տարբեր առիթներով սպառնացել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կբացվի՝ անկախ այն բանից՝ ուզում է Հայաստանը, թե՝ ոչ:

Արդյո՞ք Ադրբեջանը կհամարձակվի ցամաքային ռազմական օպերացիայով այն բացել: Սա է հետաքրքրում Stratfor-ի վերլուծաբաններին:

Նրանց կարծիքով՝ ավելի հավանական է, որ եթե Բաքուն գնա այդ ռիսկին, ապա դա անի փոքրածավալ տարածքային ներխուժումներով և անդրսահմանային հրետակոծություններով և այդպես փորձի միջանցքի բացումը պարտադրել Հայաստանին:

Ռազմական բախման վտանգի մասին հոկտեմբերի 8-ին ահազանգել է Եվրամիությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը: Նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու մասին Ֆրանսիայի որոշումը «Փարիզին դարձնում է պատասխանատու Հայաստանի հետ ցանկացած նոր հակամարտության համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե կոշտ քայլեր չձեռնարկվեն, ադրբեջանական ներխուժումը շաբաթների հարց է. ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

Ալիևն ավելի վաղ զգուշացրել է, թե Երևանը պետք է ընդունի «Զանգեզուրի միջանցքով» տարանցման Բաքվի պահանջները։ Նա նաև սպառնացել է չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դա անուղղակի ակնարկ է դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ուժով բացելու հնարավորության մասին:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հրաժարվել են հանդիպման երկու հնարավորություններից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են հուլիսին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի սեպտեմբերյան գրավումից շատ առաջ։

Դրանից հետո հնարավոր էին երկու հանդիպումներ, բայց մեկը՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում, անտեսել է Ալիևը, մյուսը՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում, անտեսել է Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փաշինյանը գնաց Գրանադա՝ անհասկանալի հանդիպման, բայց չկարողացավ գնալ Բիշքեկ»․ ԱլիևԳրանադայում հնգակողմի փոխարեն կայացավ քառակողմ հանդիպում, ընդունվեց հայտարարություն

Հոկտեմբերի 17-ին Փաշինյանը Եվրախորհրդարանում ասել է, որ Հայաստանը պատրաստ է ավելի մոտ լինել Եվրամիությանը՝ «որքան որ դաշինքը կհամարի հնարավոր»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան

Նրա հնչեցրած թեզերը խստորեն դատապարտել են թե՛ Բաքվում և թե՛ Մոսկվայում: Տարաձայնությունը Երևանի և Բաքվի միջև հավանաբար կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկուսը չեն հասել համապարփակ խաղաղության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում և Մոսկվայում կոշտ են արձագանքում Փաշինյանի ելույթին, Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս

Ադրբեջանը, հավանաբար, կփորձի համախմբել տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին, աջակցելու խաղաղ կարգավորման իր տեսլականին և ճնշում գործադրելու Հայաստանի վրա:

Մինչդեռ Հայաստանը, հավանաբար, կփորձի աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից:

Բաքվի երազանքն արտատարածքային միջանցքն է

Այնուամենայնիվ, ավելանում են մտավախությունները, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում ուժի դիմել, քանի որ, կարծես թե, խաղաղության կամ սահմանազատման նշանակալի բանակցություններ չեն ընթանում:

Առաջիկա ժամանակաշրջանում Բաքուն առաջնահերթություն է տալու Զանգեզուրի տարանցիկ միջանցքի շահագործման հարցին: Ադրբեջանը բազմաթիվ պատճառներով է ցանկանում արտատարածքային միջանցք ստանալ: Դրանցից ամենակարևորն է, որպեսզի ավելի հեշտ և էժան դառնա կապը Նախիջևանի հետ:

Դա թույլ կտա բարելավել էքսկլավի տնտեսությունը, բացի այդ՝ ավելի հարմար և ուղիղ կդառնա կապը Թուրքիայի հետ:

Բաքուն ցանկանում է, որ այդ ճանապարհին չլինեն անվտանգության ապահովման կամ մաքսային ծառայության համար ստուգումներ, չսահմանվեն սակագներ կամ տարանցիկ այլ վճարներ:

Դրան հասնելու համար Ադրբեջանը բազմաթիվ միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ կսպառնա պայմանավորել Հայաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի կնքումը «Զանգեզուրի միջանցքով» և, բացի այդ, Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար կմշակի Իրանի տարածքով այլընտրանքային երթուղի:

Ռուսաստանի մշտական դերը միջանցքի հարցում որոշված չէ

Ռուսաստանը քիչ է շահագրգռված խաղաղ բանակցություններով, որոնք կարող են հանգեցնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, եթե Մոսկվան չներգրավվի դրա շահագործմանը։

Համաձայն 2020-ի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության, որով ավարտվել է 44-օրյա պատերազմը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը հստակ թույլտվություն է տրվել կարգավորելու երթևեկությունը Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանին միացնող ճանապարհին։

Բայց քանի որ այդ զինադադարն արդեն անգործության է մատնվել Ռուսաստանի և նրա խաղաղապահների կողմից պայմանները չպահպանելու հետևանքով, Հայաստանը հավանաբար զգուշանում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրել դերակատարություն միջանցքի ապահովման գործում, քանի դեռ Մոսկվան դրա դիմաց որևէ բան չտա Երևանին: Փաստորեն, Ռուսաստանի մշտական դերը միջանցքի հարցում որոշված չէ:

Եվ քանի որ աշխարհի ուշադրության կենտրոնում հիմա այլ ճգնաժամեր են, իսկ Հայաստանը համեմատաբար ավելի թույլ դիրքում է, կա հավանականություն, որ Ադրբեջանը կարող է հավատալ, թե եկել է ամենահարմար պահը ներխուժում սկսելու և «Զանգեզուրի միջանցքը» բռնությամբ գրավելու համար:

Ինչ հանգամանքներ կարող են Բաքվին դրդել ռազմական գործողության

Մոտալուտ ներխուժումն, ըստ Stratfor-ի վերլուծաբանների, անհավանական սցենար է: Բայց կան մի քանի պատճառներ, թե ինչու Բաքուն կարող է գնահատել, որ ռազմական գործողությամբ կարող է հասնել իր նպատակներին, ենթադրելով, որ դա չի հանգեցնի լուրջ հետևանքների:

Առաջին հերթին, Ադրբեջանը Հայաստանի համեմատությամբ ունի ավելի մեծ և ավելի հագեցած զինուժ, ուստի կարող է հավատալ, որ հաջողությամբ կգրավի և կպահի հայկական բավականաչափ տարածքներ ու կդրդի Երևանին արագորեն անցնել խաղաղ բանակցությունների:

Բաքուն կարող է նաև հավատալ, որ այդ ռազմական առավելությունը և, իր հերթին, միջանցքը գրավելու համար ուժի կիրառման կարողությունը ժամանակի ընթացքում կնվազեն, քանի որ հայկական ուժերն էլ աստիճանաբար կվերազինվեն, կկառուցեն պաշտպանական ավելի հզոր հենակետեր, ձեռք կբերեն ավելի որակյալ արևմտյան զենք:

Երկրորդ՝ Բաքուն կարող է ենթադրել, որ արագ ներխուժումը չի հանգեցնի Արևմուտքի կողմից լայնածավալ տնտեսական պատժամիջոցների, քանի որ Եվրոպան և Միացյալ Նահանգները մեծացրել են ադրբեջանական նավթի և բնական գազի մատակարարումները՝ դրանցով փոխարինելով ռուսական մատակարարումները:

Երրորդ, Ադրբեջանը, հավանաբար, կարծում է, որ տարածաշրջանային խաղացողները և միջազգային հանրությունը շեղված են Ուկրաինայում և Գազայի հատվածում շարունակվող ճգնաժամերով և դրանց հնարավոր ընդլայնմամբ և, ուրեմն, չեն ցանկանա ներգրավվել ադրբեջանական ռազմական գործողությունը հետաձգելու մեջ:

Եվ վերջապես, 2020 թվականից ի վեր ռազմական և դիվանագիտական հաջողությունների անխափան շարան իրականացրած նախագահ Իլհամ Ալիևը կարող է չափազանց վստահ լինել նման ռազմական գործողությամբ արագ հաղթանակ ապահովելու ունակության մեջ:

Այս ռիսկին նպաստում է Ադրբեջանի խիստ ավտորիտար կառավարման համակարգը, քանի որ երկրում առաջացել է պարապ, չկա հակակշիռ, իսկ դա նշանակում է, որ Ալիևը կարող է գերագնահատել ներխուժման հաջողությունը և կամ թերագնահատել պոտենցիալ միջազգային արձագանքը՝ հիմնված վատ տեղեկատվության վրա:

Կենտրոնանալով Ուկրաինայում իր պատերազմի վրա՝ Ռուսաստանը մի քանի անգամ ձախողել է Հայաստանին պաշտպանելու իր պաշտոնական առաքելությունը:

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը գրավել և շարունակում է հսկողության տակ պահել շուրջ 220 քառակուսի կիլոմետր հայկական տարածք հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի երկայնքով, նշում է Stratfor-ը:

Թեև Հայաստանի ավելի խորը հողազերծումն ու գնդակոծությունն արժանացել են միջազգային դատապարտմանը, դա չի առաջացրել պատասխան Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից, ոչ էլ Արևմուտքի կողմից է Հայաստանին վճռական ռազմական աջակցություն ցուցաբերվել:

Հանգամանքներ, որոնք կարող են Բաքվին ստիպել զերծ մնալ հարձակումից

Սակայն կան պատճառներ, որոնք Բաքվին կարող են ստիպել զերծ մնալ ներխուժումից: Նախ, Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքը, թեև շատ ցանկալի է Ադրբեջանի համար, խիստ անհրաժեշտ չէ: Եթե Իրանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, դա միայն ավելի կմեկուսացնի Հայաստանին իր տարածաշրջանային գործընկերներից և կհանգեցնի նրան, որ Հայաստանը կկորցնի տարածաշրջանում աճող Արևելք-Արևմուտք առևտրի խնդրում դեր կատարելու ունակությունը: Դրանից խուսափելու համար Երևանը կարող է զիջումների գնալ Բաքվին:

Երկրորդ՝ Թուրքիան՝ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը, զբաղված է Սիրիայում իր ռազմական միջամտությամբ և տարածաշրջանային ու ներքին մի շարք այլ խնդիրներով: Այսպիսով, Անկարան, հավանաբար, կողմ չի լինի Հայաստան լայնամասշտաբ ներխուժմանը, քանի որ դա կարող է խախտել ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը և միևնույն ժամանակ վնաս հասցնել Թուրքիայի հարաբերություններին Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի հետ:

Դա միաժամանակ կխոչընդոտի Հայաստանն իր ազդեցության գոտում ներգրավելու Անկարայի նպատակը: Միջանցքի զավթումը կբարդացնի նաև Թուրքիայի միջազգային դիրքը և Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը Բաքվի կարող է ավելի վնասակար լինել, քան օգուտը, որը կստացվի Հայաստանի հարավի գրավումից:

Երրորդ, Հայաստանի հետ մեկ այլ լայնամասշտաբ պատերազմ, որը հարուցվելու է ադրբեջանական ներխուժմամբ, հավանաբար շատ ավելի մահացու և անկանխատեսելի կլինի, քան երկու երկրների նախորդ պատերազմը 2020 թվականին:

Դա պայմանավորված է նրանով, որ այն տեղի կունենա ոչ թե վիճհարույց Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, ինչը նշանակում է, որ հայ զինվորականները պատրաստ կլինեն ավելի մեծ կորուստներ կրել իրենց դիրքերը պահպանելու և ադրբեջանական ներխուժած զորքերի կողմից գրավված տարածքները հետ վերցնելու համար:

Չորրորդ և վերջապես, հենց այն պատճառով, որ նախագահ Ալիևն այժմ իր ժողովրդականության գագաթնակետին է և արդարացրել է իր ընտանիքի տասնամյակների նեպոտիստական և ավտորիտար կառավարումը` հաջողությամբ վերականգնելով Ադրբեջանի լիակատար գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղում, հերթական պատերազմն անհարկի վտանգի տակ կդնի իր ռեժիմի ներկայիս երաշխավորված ապագան: