Հայաստանում է Հարավային Կորեայի առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությունը

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Հայաստանում է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև առևտրատնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ամրապնդումը և ողջունել պատվիրակության այցը: Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Կորեան ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն, և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է փոխգործակցության ընդլայնմամբ:

Կորեայի առևտրի նախարարը նշել է, որ պատվիրակության կազմում են նաև գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կորեական կողմը հետաքրքրված է էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել գործակցությունը նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ քննարկումների արդյունքներով ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ: