Զելենսկին սպառնում է հարվածել Աբխազիայում տեղակայվող ռուսական ռազմանավերին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իր երկրի Զինված ուժերը գործողություններ կիրականացնեն ընդդեմ ռուսական ռազմանավերի նաև Աբխազիայի տարածքում։ Այս մասին Զելենսկին հայտարարել է այսօր՝ մեկնաբանելով աբխազական Օչամչիրայում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական տեղակայման վայր ստեղծելու մասին Սուխումիից և Մոսկվայից հնչող պնդումները։

«Ռուսական նավատորմը Սև ծովի արևմտյան հատվածում գործել այլևս ի վիճակի չէ և աստիճանաբար փախչում է Ղրիմից։ Դա պատմական ձեռքբերում է։ Վերջերս Ռուսաստանի ղեկավարը ստիպված էր հայտարարել Վրաստանի օկուպացված տարածքում Սևծովյան նավատորմի, ավելի ճիշտ դրա մնացորդների համար նախատեսված նոր բազայի ստեղծման մասին։ Ու դա թեև ուկրաինական հրթիռներից ու անօդաչուներից մաքսիմալ հեռավորության վրա է՝ միևնույն է, մենք ձեզ ամենուր կգտնենք», - նշել է Զելենսկին։